Մատչելիության հղումներ

logo-print

Վրաստանի խորհրդարանը հավանություն տվեց ընտրությունները համատեղելու որոշմանը


Վրաստանի խորհրդարանը այսօր հավանություն է տվել երկրի Սահմանադրությունում առաջարկվող փոփոխություններին, որոնցով նախատեսվում է նախագահական ընտրությունները 2009 թվականի հունվարից տեղափոխել 2008 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր եւ անցկացնել խորհրդարանական ընտրությունների հետ միաժամանակ:

Գործող հիմնական օրենքով սահմանված է երկրի նախագահի լիազորությունների հնգամյա ժամկետ, որը Միխեիլ Սահակաշվիլիի համար սպառվում է 2009 թվականի հունվարին: 2004 թվականի մարտին ընտրված խորհրդարանի լիազորություններն սպառվում են 2008 թվականի ապրիլին:

Նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները համատեղ անցկացնելու նախաձեռնությամբ նախագահ Սահակաշվիլին հանդես էր եկել հոկտեմբերի 19-ին՝ պնդելով, թե «անհրաժեշտություն չկա երկու ընտրությունների վրա միջոցներ ծախսել եւ երկիրը պահել ամեն տարի տարբեր ընտրությունների անցկացման ռեժիմում, երբ դրանք կարելի է անցկացնել միաժամանակ»:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության վկայությամբ, Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունները այդ նախաձեռնությունը գնահատել են որպես երկրի նախագահի կողմից ավտորիտարիզմի դրսեւորում, որը սեփական վարկանիշով ցանկանում է օգնել կառավարող «Միասնական ազգային շարժում» կուսակցությանը խորհրդարանում տեղերի մեծամասնությունը ստանալու հարցում:

Ընտրությունների անցկացման ստույգ ժամկետը կսահմանվի նախագահի հրամանագրով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG