Մատչելիության հղումներ

Բրիտանացիների, ֆրանսիացիների ու գերմանացիների մեծ մասը դեմ է Եվրամիության հետագա ընդլայնմանը


Եվրամիության հետագա ընդլայնմանը դեմ է բրիտանացիների, ֆրանսիացիների ու գերմանացիների գրեթե 70 տոկոսը: Այդ են վկայում «Եվրոբարոմետր» գործակալության անցկացրած հերթական հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են Ամանորի նախօրեին:

Հարցումն անցկացվել է Եվրամիության անդամ 25 պետությունների եւ թեկնածու երկրների քաղաքացիների շրջանում:

Եվրամիության ընդլայնման օգտին են հանդես գալիս կառույցին նոր անդամակցած պետությունների, ինչպես նաեւ Հարավային Եվրոպայի երկրների բնակիչները: Այսպես, լեհերի 76, սլովենացիների 74, հույների 71 եւ կիպրոսցիների 66 տոկոսը համարում է, որ եվրոպական ընտանիքը պետք է շարունակի ընդլայնվել:

Ընդհանուր առմամբ, ընդարձակման կողմնակիցների ու հակառակորդների թվաքանակն այսօր գրեթե հավասար է՝ Նոր տարուց առաջ 46 տոկոս են կազմում կողմնակիցները, իսկ հակառակորդները՝ ավելի քան 42 տոկոս:

Գլխավոր վիճահարույց հարցը Եվրամիության ներսում շարունակում է մնալ Թուրքիայի անդամակցության հեռանկարը: Այստեղ առաջատարը կրկին Ֆրանսիան է, որի բնակիչների 70 տոկոսը կտրականապես դեմ է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը:

Բուն Թուրքիայում Եվրամիության նկատմամբ վերաբերմունքը տարեվերջին զգալիորեն փոխվել է: Եթե կես տարի առաջ Եվրամիությանը երկրի անդամակցությանը կողմ էր հարցված թուրքերի 44 տոկոսը, ապա այս հարցման արդյունքներով այդ ցուցանիշն աճել է մոտ 10 տոկոսով:

«Եվրոբարոմետր»-ի ներկայացուցիչները, սակայն, հատուկ նշում են, որ հարցումը Թուրքիայում անցկացվել է մինչեւ Բրյուսելի ու Անկարայի բանակցությունների մասնակի սառեցումը, ուստի չի բացառվում, որ եվրաինտեգրման աջակիցների թիվը Թուրքիայում կրկին նվազած լինի:

Ընդհանուր առմամբ, «Եվրոբարոմետր»-ի սոցիոլոգները մոտ վեց տասնյակ տարբեր հարցեր էին ուղղել Եվրամիության անդամ, ինչպես նաեւ թեկնածու երկրների քաղաքացիներին`«որո՞նք են եվրոպական արժեքները» հարցադրումից մինչեւ այն հարցը, թե ինչպե՞ս են վերաբերվում Եվրամիության քաղաքացիները մարիխուանայի վաճառքի ու օգտագործման օրինականացման գաղափարին:

Վերջին հարցի պարագայում առաջատարը հոլանդացիներն են: Նիդերլանդներում հարցվածների ուղիղ կեսը ոչ մի դեպքում չի պատրաստվում հրաժարվել թույլ թմրանյութերի օրինականացման` երկրում վաղուց գործող պրակտիկայից: Մարիխուանայի օրինականացման ամենակատաղի հակառակորդներն էլ Հյուսիսային Եվրոպայից են` շվեդներն ու ֆինները:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG