Մատչելիության հղումներ

2006-ի տնտեսական աճը կանխատեսվում է 13,4 տոկոսից ոչ պակաս


Ավարտվող տարվա 11 ամիսների տվյալներով, համախառն ներքին արդյունքի աճը Հայաստանում կազմել է 13,2 տոկոս: Տարվա կտրվածքով, պաշտոնյաների հավաստմամբ, կանխատեսվում է ոչ պակաս, քան 13,4 տոկոս տնտեսական աճ:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ երեքշաբթի օրը այս թվերը հրապարակելուց հետո, առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը ավելացրեց, որ այդ աճը հիմնականում ապահովվել է շինարարության եւ ծառայությունների ոլորտների հաշվին: Ճշմարիտյանը, սակայն, հուսով է, որ այստեղ «որոշակի տեղաշարժեր կլինեն, եւ արդյունաբերությունը կստանձնի տնտեսության առաջատարի իր դերը»:

Չնայած դրամի արժեվորմանը, արձանագրվել է արտահանման աննշան աճ: Իսկ եթե հաշվի չառնենք ադամանդագործությունը, աճը կազմել է մոտ 6 տոկոս:

«Սա ցույց է տալիս նաեւ մեկ կարեւոր հանգամանք. Հայաստանի տնտեսությունը առավել խորն է գնում դեպի բազմաճյուղ լինելը, այսինքն` խորանում է դիվերսիֆիկացիայի աստիճանը», - պարզաբանեց նախարարը: - «Մեկ-երկու ճյուղի անկումով մեզ մոտ ընդհանուր ցուցանիշների անկում կտրուկ չի լինում»:

Նախարարի խոսքով, դա պայմանավորված է նաեւ նրանով, որ փոքր եւ միջին ձեռնարկատիրության մասնաբաժինը Հայաստանի համախառն ներքին արդյունքում կազմում է ավելի քան 40 տոկոս:

Այս տարի բնակչության եկամուտները շուրջ 40 միլիարդ դրամով գերազանցել են ծախսերը: Այստեղ, անկասկած, կարեւոր գործոններից մեկը արտասահմանից եկող մասնավոր տրանսֆերտներն են:

«Անցած տարվա համեմատ այդ տրանսֆերտների աճը ավելի շատ ազդել է ավելի ցածր ապահովվածություն ունեցող շերտերի վրա», - հայտարարեց Կարեն Ճշմարիտյանը:

Նախարարը ասաց, որ այս տարի չհաջողվեց լուծել Վանաձորի քիմիական կոմբինատի` «Պրոմետեյ Քիմպրոմ» ընկերության վերագործարկման հարցը: Մարտ ամսին պոտենցիալ գնորդի` ռուսաստանյան «Խիմպրոմինվեստ» ընկերության հետ սկսված բանակցությունները հոկտեմբերին ձախողվեցին, եւ սեփականատերը ստիպված եղավ կանգնեցնել ըստ էության վերագործարկված կոմբինատը:

Ճշմարիտյանը տեղեկացրեց, որ այժմ ընթանում են նոր բանակցություններ եւ հույս հայտնեց, որ հաջորդ տարի կոմբինատը «կվերագործարկվի եւ կաշխատի»:

Ճշմարիտյանը խոսեց նաեւ «Նաիրիտ» գործարանի նոր սեփականատիրոջ` «Ռեյնովիլ Փրոփերթի Լիմիտեդ» կոմսորցիումի մասին: Միջազգային այդ կոնսորցիումը գրանցված է Մեծ Բրիտանիայում եւ անգամ ինտերնետ կայք չունի:

«Դե ընկերություն է, որը արդեն վճարումները կատարել է բաժնետոմսերի համար եւ մոտավորապես 150 միլիոն էլ ներդրումներ պիտի անի մի քանի տարվա ընթացքում», - ասաց նա: - «Ես այդ հարցում լավատես եմ եւ գտնում եմ, որ այդ ձեռնարկությունը, այնուամենայնիվ, ապագա ունի, եւ այնտեղ ներդրողը միեւնույն է շահելու է»:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG