Մատչելիության հղումներ

Էնթոնի Գոդֆրի. «2007-ին Հայաստանը հնարավորություն ունի ի ցույց դնել հավատարմությունը ժողովրդավարության մասով իր հանձնառություններին»


ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Էնթոնի Գոդֆրին ամանորյա շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ժողովրդին, որում ընդգծում է, որ գալիք տարին «հատկապես կարեւոր ու հետաքրքրական կլինի, քանզի Հայաստանը հնարավորություն ունի ի ցույց դնել ժողովրդավարության մասով ստանձնած հանձնառություններին իր հավատարմությունը` անցկացնելով ազատ ու արդար խորհրդարանական ընտրություններ»:

«2007 թվականը մասնավորապես նշանակալի կլինի, քանզի իմ երկրի կառավարությունը հաստատակամ է աջակցել Հայաստանին կայանալու որպես ծաղկուն ժողովրդավարական մի երկիր, որտեղ տնտեսական աճի բերած օգուտները վայելում են բոլորը», - ասված է ուղերձում:

Էնթոնի Գոդֆրին հույս է հայտնում, որ 2007 թվականին «Հայաստանն ու Միացյալ Նահանգները կաշխատեն միասին` կերտելու Հայաստանի ժողովրդի պայծառ ապագան»:

«Միացյալ Նահանգներն իր աջակցության ծրագրերի միջոցով, որոնց շրջանակներում 1992 թվականից ի վեր Հայաստանին հատկացվել է շուրջ 1,6 միլիարդ ԱՄՆ դոլարի օժանդակություն, աշխատում է ամրապնդել ժողովրդավարական հաստատությունները, նպաստել Հարավային Կովկասի կայունությանն ու անվտանգությանը եւ զարգացնել տարածաշրջանի բոլոր երեք երկրների տնտեսությունը», - ասված է ուղերձում, որը տրամադրել են Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատնից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG