Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Նախընտրական» խորագրի ներքո՝ «Քցոցին ՀՀ իշխանության վերնախավում» վերնագրված հրապարակման մեջ «Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Իշխանությունների կողմից ծրագրվող քաղաքական այն պրոցեսը, որ հիմա ընդունված է անվանել վերարտադրություն, անվանափոխության կարիք ունի»: Տվյալ դեպքում, ըստ թերթի, ավելի ճիշտ կլինի դա անվանել փոխատեղում, որովհետեւ «գործընթացի իմաստը Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի կարգավիճակների փոփոխությունն է, որը իշխանությունները ծրագրում են իրականացնել փուլային տարբերակով»:

«Առավոտ»-ի փոխանցմամբ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան, «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում պնդելով, թե ղարաբաղյան խնդրի կարգավորման պատուհանը դեռեւս չի փակվել շեշտադրել է. - «Անկասկած, կարեւոր է, որպեսզի տարածաշրջանի բնակչությունները դեր խաղան խաղաղ համագործակցության ուղիների որոնման մեջ։ Կարծում եմ, կարելի է հանգիստ խոսել այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ներկայացուցիչները պետք է ներգրավված լինեն այդ գործընթացում, քանի որ մենք մոտենում ենք համապարփակ խաղաղ համաձայնագրի կնքմանը»:

«Կարճատեւ փոխհրաձգություն՝ երկամյա սառեցման ճանապարհին» վերնագրի տակ Բրայզայի ասածի հակառակ տեսակետը պնդելով` «Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանն իր հերթին առանձնացրել է. - «1994-ից պահպանվող զինադադարի եւ նույն ժամանակներից ծավալվող ու պարբերաբար վերսկսվող Ղարաբաղյան բանակցային գործընթացի պատմության մեջ առաջիկա երկու տարիները ժամանակային առումով փոքր հատված են լինելու, բայց բովանդակային առումով ունենալու են հսկայական, անգամ ճակատագրական նշանակություն։ Այս ժամանակամիջոցում ուրվագծվում են Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման եւ Հայաստանի միջազգային դիրքերի հետագա ամրապնդման հուսատու հեռանկարներ, որոնք հնարավորությունից իրականություն դարձնելու համար պետք է ամրապնդել երկրի «ներքին ուժը»՝ տնտեսական ցուցանիշների լուրջ բարելավման միջոցով»։

«Ազգ» թերթի մեկնաբանը, ղարաբաղյան թեման ամփոփելով «Հանգիստ նոր տարի արեք՝ եթե կարող եք» վերնագրի տակ, մասնավորապես, նկատել է. «Լեռնային Ղարաբաղի խնդրում բավական ելումուտ եղավ` միջազգային կառույցներից ով չալարեց` եկավ տարածաշրջան ու կարծիք հայտնեց: Հակամարտության կարգավորման 2006 թվականի պատուհանը շատ բացուխուփ արեցին, մամուլը օրհասական եզրակացություններ արեց` տալիս են տարածքները, ճնշում են, կարգավիճակ, հանրաքվե, դավաճանի ու դավաճանելու սինդրոմ` նախընտրական տարվա տարուբերումներ են, պարզվեց, ու գոնե մինչեւ դեկտեմբերի 31-ը ոչ ոք ոչինչ ոչ մեկին չի տալու»։

Արձանագրելով, որ մեր հասարակությունը հիպնոսացված վիճակում է` «Չորրորդ իշխանություն» թերթի մեկնաբանն այսօր մանրամասնել է. - «Հենց այդպես էլ հիպնոսացած հետեւում են, թե տեսնես ո՞վ կհաջողացնի ավելի շատ ընտրակաշառք բաժանել՝ ՀՀԿ՞-ն, թե՞ «Բարգավաճ Հայաստան»-ը, տեսնես ընդդիմադիր ամենատարբեր ֆորմատներին Սերժի՞կն է շատ փող տալիս, թե՞ Քոչարյանը եւ այլն։ Ու հասարակական կարծիքը բաժանված է երկու մասի. մի մասը պնդում է, որ Անդրանիկի թուրը տուկի թելից զորավոր է, մյուս մասը պնդում է, որ նաղդ սերմացուն նիսյա նժդեհականությունից լավ է, մի մասը պնդում է, որ ընդդիմությանը ռուսներն են փող տալիս, մյուս մասը պնդում է, որ փող տվողն ամերիկացիներն են, եւ այդպես շարունակ»։

«Պատժելու են» վերնագրի տակ «Հայկական ժամանակ»-ն այսօր փոխանցել է, թե Վճռաբեկ դատարանի քրեական գործերով պալատի դեկտեմբերի 22-ի որոշումը, որով արդարացվեցին «Մատաղիսի գործով» ցմահ ազատազրկման դատապարտված երեք երիտասարդները, արդեն իր առաջին արձագանքներն է ստանում: Թերթը պնդել է, թե «դատական համակարգում արդեն լուրեր են շրջում այն մասին, որ առաջիկայում կադրային փոփոխություններ կլինեն վճռաբեկ դատարանի քրեական պալատի կազմում: Ըստ այդմ, դատախազության եւ հանրապետության ղեկավարները վճռաբեկի որոշումը ընկալել են որպես ամենախիստ անհնազանդության դրսեւորում եւ որոշել են պատժել դրա ընդունմանը մասնակից դատավորներին: Հիմնական հարվածը այս պահին ուղղված է վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Մհեր Խաչատրյանի դեմ»։

Նույն թերթը «Արամի ժամացույցը» վերնագրի ներքո փոխանցել է. - «Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանին է նվիրել շվեյցարական «Բրեգետ» ֆիրմայի ձեռքի ժամացույց: Ժամացույցը օրերս Մոսկվայում Արամ Կարապետյանի լիազոր ներկայացուցչին է հանձնել ՌԴ նախագահի աշխատակազմի նվերների ֆոնդի ներկայացուցիչը»: Ըստ թերթի, ժամացույցի ետնամասի վրա դաջված է՝ «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից՝ Արամ Կարապետյանին»: «Իսկ թե ի՞նչ ծառայությունների համար է Կարապետյանն արժանացել նման նվերի, «Նոր ժամանակներ»-ի նախագահը ինքն էլ չգիտի», - գրել է թերթը: «Նվեր է, տվել են», - ենթադրել է Կարապետյանը:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG