Մատչելիության հղումներ

Արդարացված զինծառայողները փոխհատուցում են պահանջելու


Հայաստանի դատական պրակտիկայում աննախադեպ վճռով ուրբաթ օրը Վճռաբեկ դատարանի կողմից արդարացված նախկին զինծառայողները փոխհատուցում են պահանջելու շուրջ երեք տարի ազատազրկման մեջ անցկացնելու համար:

«Երեք երիտասարդները այսօր գտնվում են ազատության մեջ, բայց գրեթե երեք տարի ազատազրկված լինելը պետք է փոխհատուցվի», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում երկուշաբթի օրը ասաց արդարացված զինծառայողների շահերի պաշտպաններից Զարուհի Փոստանջյանը: - «Եվ պետք է փոխհատուցումը տրվի ոչ միայն նյութական, այլ հենց բարոյական փոխհատուցումն է ամենակարեւորը, որպեսզի հասարակությունը իրեն զգա պաշտպանված»:

Վերաքննիչ դատարանը դեկտեմբերի 22-ին որոշել էր բեկանել առաջին (որով զինծառայողները դատապարտվել էին 15-ական տարվա ազատազրկման) եւ վերաքննիչ (որով պատժաչափը հասցվել էր ցմահ ազատազրկման) ատյանների դատարանների որոշումները: Վճիռը պաշտոնապես տեղ հասնելուց հետո գործը կուղարկվի լրացուցիչ քննության:

Զարուհի Փոստանջյանի խոսքով, իրենք պետք է մինչեւ վերջ հետամուտ լինեն, որպեսզի բացահայտվեն ու պատժվեն իրական հանցագործները` սպանություն կատարած անձինք:

Դեռեւս նախաքննության ընթացքում որոշակի կասկածներ կային, որ կատարված հանցագործությանը ինչ-որ առնչություն է ունեցել զորամասի հրամանատարական կազմի ղեկավարներից մեկը` Իվան Գրիգորյանը: Զարուհի Փոստանջյանի փոխանցմամբ, դեռեւս նախաքննության ընթացքում գործում ընդգրկված մեղադրյալներից մեկը՝ Արման Գրիգորյանը ցուցմունք էր տվել գումարտակի հրամանատարի դեմ:

«Կան բազմաթիվ վկայություններ եւ հակասություններ, որոնք տանում են դեպի գումարտակի հրամանատարություն», - ասաց Փոստանջյանը:

Այն ժամանակ նույնիսկ հրամանատարի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել, սակայն Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մեկ գրությամբ Իվան Գրիգորյանը քրեական պատասխանատվության չի ենթարկվել:

Ըստ Զարուհի Փոստանջյանի, այս սպանությունների հետ որոշակի առնչություններ ունեն հրամանատարական կազմի այլ պաշտոնյաներ եւս, ովքեր, ինչպեսեւ Իվան Գրիգորյանը, շարունակում են իրենց ծառայությունը նույն զորամասում:

Փաստաբանները վճռաբեկ դատարանի կայացրած վճիռը պաշտոնապես ստանալուց հետո հայտարարություն են ներկայացնելու գլխավոր դատախազություն այն բոլոր անօրինական քայլերի վերաբերյալ, որոնք կատարվել են նախաքննության ընթացքում:

«Ապօրինի կալանավորվել են Ռազմիկ Սարգսյանը, Մուսա Սերոբյանը, Արայիկ Զալյանը», - մանրամասնեց փաստաբանը: - «Այդ ապօրինությունը թույլ տվողները եղել են ռազմական ոստիկանության եւ զինվորական դատախազության աշխատակիցները, որոնց անունները բազմիցս նշել են իմ պաշտպանյալները»:

Ռազմիկ Սարգսյանի, Մուսա Սերոբյանի եւ Արայիկ Զալյանի շահերի պաշտպանները դատական երկու ատյաններում էլ պնդել են, որ իրենց պաշտպանյալներից ցուցմունք են կորզել կտտանքների ու բռնությունների միջոցով: Փաստաբանները ե'ւ առաջին, ե'ւ երկրորդ ատյանի դատարաններում միջնորդել են դատաբժշկական փորձաքննություն անցկացնել: Բոլոր միջնորդությունները, սակայն, մերժվել են:

Ուստի փաստաբանները հետամուտ են լինելու նաեւ, որպեսզի դատավորները եւս իրենց կատարածի համար պատասխանատվության ենթարկվեն, որպեսզի ոչ թե ծառայողական քննություն անցկացվի, այլ քրեական պատասխանատվության ենթարկվեն մեղավորները:

Զարուհի Փոստանջյանի խոսքով, պատասխանատվության պետք է ենթարկվի նաեւ այն ժամանակ զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը:

«Մենք իրավունք չունենք այդպիսի դատախազներ ունենալու: Պարոն Ջհանգիրյանը այն երիտասարդ, անփորձ դատախազը չէր, որ հաստատեց այս մեղադրանքը: Պարոն Ջհանգիրյանը այն փորձառու անձնավորությունն էր, որը հաստատեց ապօրինի մեղադրանքը», - ասաց փաստաբանը:

Այն ժամանակ զինդատախազ, իսկ այսօր գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը, սակայն, ինչպես դեկտեմբերի 22-ին դատավճռի հրապարակումից առաջ էր ասել «Ազատություն» ռադիոկայանին, որ չի փոխել իր համոզմունքը, որ մարդասպանները հենց այդ երեքն են, այսօր էլ իր աշխատակիցներին պատվիրեց նույնը փոխանցել:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG