Մատչելիության հղումներ

Ջորջ Բուշը ստորագրել է Հայաստանը շրջանցող երկաթուղու շինարարության ֆինանսավորումն արգելող օրենքը


ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը անցած շաբաթավերջին ստորագրել է օրենքը, որում ընդգրկված է Հայաստանը շրջանցող երկաթուղու շինարարության ամերիկյան պետական ֆինանսավորումն արգելող դրույթ:

Դեկտեմբերի սկզբին նախ Ներկայացուցիչների պալատը, ապա Սենատը միաձայն հավանություն էին տվել «ԱՄՆ-ի Ներմուծման եւ արտահանման բանկի վերալիազորման մասին» օրինագծին, որում ներառված է դրույթ Հայաստանի շրջանցմամբ Թուրքիան, Ադրբեջանը եւ Վրաստանը կապող երկաթուղու շինարարության՝ հիշյալ բանկի կողմից ֆինանսավորումն արգելելու մասին:

Արտահանման եւ ներմուծման բանկը ամերիկյան դաշնային կառավարական գործակալություն է, որը ֆինանսապես օժանդակել է, մասնավորապես, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի շինարարությանը:

Ամերիկայի հայկական համագումարին հասցեագրված հայտարարությունում ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոունը եւ Ջո Նոլենբերգը ողջունել են օրենքի ուժի մեջ մտնելը:

«Հարավային Կովկասում Միացյալ Նահանգների քաղաքականությունը միտված է տարածաշրջանային համագործակցության խթանմանը եւ հարաբերությունների նորմալացմանը, այլ ոչ թե մեկուսացմանը», - շեշտել են համանախագահներն իրենց հայտարարությունում: - «Մենք կոչ ենք անում Թուրքիային վերանայել Հայաստանի օտարման քաղաքականությունը, վերջ դնել 13 տարվա շրջափակմանը եւ քայլեր ձեռնարկել հարեւանների հետ համագործակցության ուղղությամբ»:

Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին, իր հերթին, բարձր է գնահատել Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի անդամների դերը «այդ կարեւոր նախաձեռնության իրականացման գործում» եւ երախտագիտություն է հայտնել այն կազմակերպություններին եւ անհատներին, որոնք միացել են ամերիկահայ համայնքի ջանքերին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG