Մատչելիության հղումներ

Եթովպիան հայտարարել է Սոմալիում իսլամիստների դեմ ռազմական գործողություններ սկսելու մասին


Կիրակի օրը Եթովպիան պաշտոնապես հայտարարել է, որ Սոմալիի միջազգայնորեն ճանաչված անցումային կառավարության կողմից ռազմական գործողություններ է սկսում իսլամիստների դեմ:

«Մեր պաշտպանական ուժերը հարկադրված են պատերազմի մեջ մտնել՝ պաշտպանվելու համար ծայրահեղական եւ հակաեթովպական ուժերից, պաշտպանելու համար երկրի ինքնիշխանությունը», - հայտարարել է Եթովպիայի վարչապետ Մելես Զենաուին հեռուստատեսային ուղերձում: - «Մեր նպատակն է հաղթել այս պատերազմում որքան հնարավոր է շուտ»:

Առաջին անգամ է Եթովպիան ընդունում, որ իր զորքերը կռվում են Սոմալիում, չնայած, ականատեսների վկայությամբ, եթովպական զինված ուժերը այդ երկրի տարածքում են արդեն մի քանի շաբաթ:

«Ասոշիեյթեդ փրես» գործակալության փոխանցմամբ, Եթովպիան ռմբակոծել է «Իսլամական դատարանների խորհուրդ» կազմակերպության վերահսկողության տակ գտնվող մի քանի քաղաքներ, եթովպական զորքերը կիրառում են նաեւ հրանոթներ եւ տանկեր:

Այսօր եթովպական օդուժը վերսկսել է հարձակումները իսլամիստների հենակետերի վրա, մասնավորապես, ռմբակոծվել է Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյի միջազգային օդանավակայանը:

«Ֆրանսպրես» գործակալությունը տեղեկացնում է, որ Եթովպիայի կառավարությունը հաստատել է օդանավակայանի ռմբակոծության փաստը՝ այն հիմնավորելով «չարտոնված թռիչքներով»:

Զոհերի, ինչպես նաեւ ավերածությունների մասին հստակ տեղեկատվություն առայժմ չկա, չնայած երկու կողմն էլ պնդում են հակառակ կողմից հարյուրավոր զոհերի մասին:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ իսլամիստների դեմ շարունակվող ռազմական գործողությունների կապակցությամբ Սոմալիի անցումային կառավարությունը այսօր հայտարարել է երկրի օդային, ցամաքային եւ ծովային սահմանները փակելու մասին:

Կառավարության ներկայացուցիչ Աբդիրահման Դինարին միջազգային հանրությանը եւ հատկապես հարեւան երկրներին դիմել է օգնության կոչով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG