Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(շաբաթ, 23-ը դեկտեմբերի)

«Ժամանակ Երեւան»-ը գրել է. - «2006 թվականը, անկախ ամեն ինչից, բանակցային ակտիվ տարի էր՝ համանախագահների այցերով, Քոչարյան֊-Ալիեւ հանդիպումներով, Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման նկատմամբ միջազգային հանրության ցայտուն ուշադրությամբ: Եվ ամենագլխավորը՝ բանակցող կողմերին ներկայացված էր կարգավորման իրական տարբերակ, որի կյանքի կոչումից Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները 2006-֊ին հետեւողականորեն հրաժարվեցին»: «Եվ անհերքելի է, որ հայ եւ ադրբեջանցի հասարակությունների շահերից չէր բխում խաղաղության վերջնական հաստատումից խուսափելը», - ամփոփել է թերթը:

«Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ, «Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, կարծես թե, չի պատրաստվում ընտրություն կատարել միջոցների միջեւ իր համար նախագահ դառնալու համապատասխան իմիջ ձեւավորելու ճանապարհին»: «Նախարարը գլուխը կորցրածի նման այսուայնկողմ է նետվում, չիմանալով էլ ինչ անել՝ աշխարհին եւ Հայաստանին համոզելու համար, որ հենց ինքն է Հայաստանի հաջորդ ամենաարժանավոր նախագահը: Եվ այս ընթացքում ձեռնարկած մի շարք քայլեր պարզապես ցույց են տալիս, թե ինչպիսի փափագ է թաքնված նրա սրտում, եւ ինչ պատանեկան ավյուն է առաջացել նրա մեջ՝ այդ փափագին հասնելու համար», - գրել է թերթը:

«Հայք»-ի պնդմամբ, «Ազգային ժողովի պատգամավորներ Մանուկ Գասպարյանը եւ Հմայակ Հովհաննիսյանը, այլ տարբերակ չգտնելով ապագա խորհրդարանում իրենց տեղը գտնելու համար, ամեն անկյունում եւ հրապարակում գովերգում են «Մեծն բարերար» Գագիկ Ծառուկյանին, հուսալով, թե կարժանանան նրա ուշադրությանը»: «Լավատեղյակ աղբյուրներից» թերթը տեղեկացել է, որ ցուցակում անցողիկ տեղ ստանալու նպատակով Գագիկ Ծառուկյանի հետ գաղտնի բանակցություններ են վարում նաեւ Հանրապետական կուսակցության մի շարք հայտնի ներկայացուցիչներ:

«Չորրորդ իշխանություն»-ը տեղեկացնում է. - «Մի քանի օր առաջ Երեւանի խոշոր դահլիճներից մեկում տեղի է ունեցել վիրահայության հավաք, որին ներկա են եղել Հայաստանի բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը, մոսկվաբնակ հայտնի «հեղինակություն» Նորիկ Թեւանյանը, «Կենտրոնի» ոստիկանապետ Հովիկ Թամամյանը, գեներալ Գուրգեն Դալիբալթայանը եւ իհարկե, Մերուժան Տեր֊-Գուլանյանը»: Ըստ թերթի, «Նորիկ Թեւանյանը նշել է, որ իրեն անձամբ Ռոբերտ Քոչարյանն է խնդրել, որպեսզի զբաղվի վիրահայության համախմբման աշխատանքներով, քանզի 300 հազար ջավախքահայ կա, եւ Թեւանյանը հենց այն մարդն է, որն ի վիճակի է տեր կանգնել ջավախքահայության ձայնին: Թեւանյանը հայտարարել է, որ անելու է ամեն ինչ, որ ջավախքահայերը միահամուռ գնան եւ քվեարկեն այնպես, ինչպես նրանց կասի ինքը»: «Սակայն նրա խոսքից հետո դահլիճում շատ տհաճ եւ սկանդալային իրավիճակ է ստեղծվել: Հավաքի ներկաներից մի քանիսը իրենց տարակուսանքն են հայտնել, թե ինչի տեղ են իրենց դրել, ինչ է նշանակում՝ պետք է քվեարկեն այնպես, ինչպես կասեն: Նրանց սաստել են, թե ձեր ձայները կտրեք, վեր ընկեք տեղներդ», - գրել է «Չորրորդ իշխանություն»-ը: - «Հավաքի մասնակիցներից շատերը չէին թաքցնում իրենց զայրույթը այն փաստի առթիվ, որ այսօր գործող իշխանությունները որպես իրենց հենարան սկսել են Թեւանյանի կարգի մարդկանց հավաքագրել: Մի՞թե վիրահայության մեջ ավելի արժանի մարդ չկար՝ տարակուսում էին նրանք»:

«168 ժամ»-ի հրապարակման համաձայն, «Օրինաց երկիր»-ի եւ Սամվել Բաբայանի «Դաշինք» կուսակցության միջեւ համագործակցությունն այսօր արդեն ոչ մեկի համար գաղտնիք չէ»: «Քաղաքական դաշտում ապագա խորհրդարանական ընտրություններում այդ երկու կուսակցությունների համատեղ գործելու հավանականությունն այսօր շատ բարձր է գնահատվում», - գրել է թերթը եւ հավելել. - «Եթե խորհրդարանական ընտրություններում «Օրինաց երկիր» եւ «Դաշինք» կուսակցություների միջեւ համագործակցությունը մոտ է ճշմարտությանը, ապա նախագահականում Սամվել Բաբայանը, ամենայն հավանականությամբ, կպաշտպանի ԱԺՄ֊-ի նախագահ Վազգեն Մանուկյանի թեկնածությունը»:

«Ազգ»-ը ընդգծել է, որ խոշոր սփյուռք ունեցող պետությունների շարքում Հայաստանը, թերեւս, միակն է, որը չունի սփյուռքի հարցերով հատուկ նախարարություն կամ գոնե պետական կոմիտե: «Օրինակ, Չինաստանում դա ամենամեծ նախարարությունն է: Իսրայելում գործում է Ներգաղթողների կլանման անունը կրող նախարարությունը, որը իր երկարամյա գոյության ընթացքում մշակել է բազմաթիվ արդյունավետ մեխանիզմներ», - գրել է թերթը: Իսկ «Հայաստան» հիմնադրամի ներկա կարողությունները, ըստ «Ազգ»-ի, «այն վերածել են մի կազմակերպության, որը հեռավոր կերպով անգամ չի հիշեցնում այն համահայկական հզոր կառույցը, որն սկզբնապես նպատակադրված էր»:

«Գոլոս Արմենիի» թերթը, վկայակոչելով Երեւանի քաղաքապետարանի աղբյուրները, հայտնել է, որ վաճառվում կամ արդեն վաճառվել են Կոմիտասի անվան զբոսայգին, որտեղ գտնվում է Պանթեոնը, եւ Ազգային անվտանգության ծառայության դիմացի պուրակի այն հատվածը, որտեղ կանգնեցված է Միքայել Նալբանդյանի արձանը: Թերթի մեկնաբանը փաստել է. - «Ընտրություններից առաջ քաղաքապետարանի աշխատողները, որոնք վստահ չեն, որ կմնան իրենց պաշտոններին, շտապում են ամեն ինչ վաճառել, գնորդն էլ շտապում է ամեն ինչ գնել, քանզի նման հնարավորություն կարող է այլեւս չլինել»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG