Մատչելիության հղումներ

Խորհրդարանը երրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց օրհներգի մասին օրինագիծը


Երկուշաբթի օրը առավոտյան Ազգային ժողովը երրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց Հայաստանի Հանրապետության պետական օրհներգի մասին օրինագիծը: Կառավարության ներկայացրած նախագծի օգտին քվեարկեց 71, դեմ՝ 6, ձեռնպահ՝ 6 պատգամավոր:

Ընդունված նախագիծը օրենքի ուժ կստանա երկրի նախագահի կողմից հաստատվելուց հետո տասներորդ օրը, ինչը նշանակում է, որ Հայաստանը Նոր տարին կդիմավորի առանց պաշտոնական օրհներգի:

Օրինագծով ամրագրվում է, որ ներկա հիմնը՝ «Մեր Հայրենիք»-ը, ուժի մեջ է «մինչեւ Հայաստանի նոր օրհներգի տեքստը եւ երաժշտությունը օրենքով սահմանելը»: Այն երկրորդ ընթերցմամբ ընդունվել էր ուրբաթ օրը:

Օրինագծին խիստ դեմ էին արտահայտվել Դաշնակցության ներկայացուցիչները, որոնց կարծիքով, գործող օրհներգը, փաստորեն, դառնում է ժամանակավոր:

Նախագիծը ընդունելի չէին համարել նաեւ խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունները:

Պետական օրհներգի մասին օրենքի ընդունման պահանջը ամրագրված է փոփոխված Սահմանադրությամբ, որը հաստատվել է 2005 թվականին:

Նոր օրհներգի մշակման համար այս տարի հայտարարված մրցույթը վերջնական արդյունք չտվեց, ինչից հետո որոշվեց նոր մրցույթ անցկացնել:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG