Մատչելիության հղումներ

Վերականգնվել է Հայաստանի գազամատակարարումը


Երկուշաբթի օրը Վրաստանում տեղի ունեցած վթարը, որի հետեւանքով դադարեցվել էր գազի մուտքը Հայաստան, ամբողջությամբ վերացվել է, եւ Հայաստանը այժմ ամբողջ ծավալով գազ է ստանում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ուրբաթ օրը հայտարարեց Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը:

«Երեկ ժամը 16:00-ից վթարը վերացված է եւ գազի մատակարարումը դեպի Հայաստան վերականգնված է», - ասաց նախարարը:

Մովսիսյանը համաձայն է, որ Հայաստանի էներգետիկ անվտանգության համար լուրջ այլընտրանք կարող է լինել Իրան - Հայաստան գազատարի գործարկումը. - «Իրան – Հայաստան գազատարի կառուցումից հետո նման իրավիճակներում մենք, բնականաբար, ավելի մեղմ վիճակում կլինենք»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե կոնկրետ երբ իրանական գազը մուտք կգործի Հայաստան, Արմեն Մովսիսյանը խուսափողական պատասխան տվեց. - «Գազը մտնելը հարցի մի կողմն է: Մենք պետք է կարողանանք նաեւ համարժեք էլեկտրաէներգիա հետ տալ գազի դիմաց: Եթե հիշում եք, մեր բանաձեւն է` մեկ խորանարդ մետրի դիմաց 3 կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիա: Մենք պետք է կարողանանք նաեւ դա ապահովել»:

Արմեն Մովսիսյանը նաեւ համաձայն է վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ, որ Իրան - Հայաստան գազատարի կառավարումը պետք է տրվի «Հայռուսգազարդ»-ին: «Բոլոր հաշվարկները ցույց են տալիս, որ տնտեսապես ավելի էֆեկտիվ է տալ կառավարումը այնպիսի ընկերության, որը մասնագիտացած է այդ ուղղությամբ», - ասաց նա` փաստարկելով, թե Հայաստանում [«Հայռուսգազարդ»-ի կառավարման ներքո գտնվող] շուրջ 2600 կիլոմետր գազատարից դա ընդամենը 40 կիլոմետրն է». - «40 կիլոմետրի համար պետք է առանձին ընկերությո՞ւն ստեղծել: Երբեք տնտեսապես իրեն չի արդարացնի»:

Արմեն Մովսիսյանը ավարտվող տարվա կարեւորագույն ձեռքբերում է համարում Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի հանձնումը «Հայռուսգազարդ»-ին, ինչի շնորհիվ այս ընկերությունում ռուսաստանյան «Գազպրոմ»-ի մասնաբաժինը 45 տոկոսից դարձել է 67 տոկոս:

«2008 թվականի վերջին 300 մեգավատտ հզորությամբ 5-րդ բլոկի փոխարեն մենք կունենանք 450 մեգավատտ հզորությամբ համակցված մեկ կայան, որը հնարավորություն կտա մեկ կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիա արտադրելու վրա ծախսել մոտավորապես 220-240 գրամ գազ: 5-րդ բլոկը այսօրվա վիճակով հնարավորություն է տալիս 330-350 գրամ ծախսել», - եզրափակեց նա:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG