Մատչելիության հղումներ

Հայաստանը միացավ Եվրախորհրդի «Դատապարտված անձանց փոխանցման մասին» կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությանը


Հայաստանը միացել է Եվրոպայի խորհրդի «Դատապարտված անձանց փոխանցման մասին» կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությանը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, արձանագրությունը նախատեսում է դատավճիռ կայացրած պետությունից ծագման պետություն փախած, ինչպես նաեւ դատապարտման պատճառով ծագման պետություն վտարման ենթակա դատապարտված անձանց՝ իրենց ծագման պետությունում պատիժ կրելու նպատակով փոխանցումը կարգավորող դրույթներ։

Փաստաթուղթը հինգշաբթի օրը ստորագրել է Եվրախորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը:


«Դատապարտված անձանց փոխանցման մասին» կոնվենցիան Հայաստանում ուժի մեջ է մտել 2001 թվականից: Դրա նպատակն է նպաստել դատապարտված օտարերկրացիների սոցիալական վերինտեգրմանը՝ իրենց ծագման պետությունում պատժի կրումը թույլ տալու միջոցով։

Կոնվենցիան թույլ է տալիս խուսափել անցանկալի հետեւանքներից, որոնք կարող է ունենալ օտարերկրացու՝ դատավճիռ կայացրած պետությունում պատիժը կրելը՝ հաղորդակցման, լեզվական խնդիրների եւ ընտանիքի հետ շփման բացակայության պատճառով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG