Մատչելիության հղումներ

The Wall Street Journal-ում տպագրվել է Սերժ Սարգսյանի հոդվածը


Ամերիկյան The Wall Street Journal թերթը այսօր հրապարակել է Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի «Չնայած ցեղասպանությանը …» վերնագրված հոդվածը, որում նա հույս է հայտնում, որ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության բանակցությունները կընձեռեն Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ քաղաքակիրթ հարաբերությունների հաստատման` երկար սպասված հնարավորությունը:

«Մենք կարծում ենք, որ բանակցելով անդամակցության հարցով, գուցեեւ որպես Եվրամիության ապագա անդամ երկիր՝ Թուրքիան կնպաստի տնտեսապես ավելի ուժեղ եւ ավելի կայուն հարեւանությանը», - գրում է Սերժ Սարգսյանը եւ հավելում. - «Դա բխում է ինչպես Թուրքիայի, այնպես էլ Հայաստանի շահերից»:

Հայաստանի պաշտպանության նախարարի կարծիքով, Եվրամիությանը անդամակցությունը Թուրքիան շատ ավելի կանխատեսելի կդարձներ, իսկ «կանխատեսելի հարեւանի հետ գործ ունենալը ավելի դյուրին է»:

Նա համոզմունք է հայտնում, որ թուրք-հայկական հարաբերությունները եւ Հայոց ցեղասպանությունը կարեւոր գործոններ են, «որոնց քննարկումը, անշուշտ, անհրաժեշտ է Եվրամիությանը անդամակցության հարցով Թուրքիայի բանակցությունների ընթացքում». - «Կարեւոր է հիշել անցյալը՝ կանխելու համար մարդկության դեմ նման հանցագործությունների կրկնությունը»:

«Մենք ակնկալում ենք, որ Եվրամիությունը ավելի մեծ ներգրավվածություն կունենա Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերություններում ճեղքում արձանագրելու ուղիների որոնումներում», - գրել է Սերժ Սարգսյանը:

Ըստ նախարարի, Թուրքիայի հետ ապագա հարաբերությունների հարցում Հայաստանը որդեգրել է շիտակ եւ գործնական դիրքորոշում. - «Մենք կողջունեինք բնականոն դիվանագիտական եւ այլ հարաբերությունների հաստատումը՝ առանց նախապայմանների: Դա ներառում է ցեղասպանության ճանաչման հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը չկապելը: Ինչը ավելի կարեւոր է՝ մենք ցանկանում ենք նման դիվանագիտական հարաբերությունները օգտագործել որպես մեր հարաբերությունները ծանրաբեռնող հարցերը հաղթահարելու միջոց»:

«Լուծումները կհայտնվեն միայն այն ժամանակ, երբ մենք ջանասիրաբար աշխատենք դրանց ուղղությամբ՝ սկսելով բաց երկխոսություն հաստատելուց», - ընդգծում է Սերժ Սարգսյանը:

«Դժբախտաբար, բնականոն դիվանագիտական հարաբերություններ հաստատելու` Հայաստանի ցանկությանը Թուրքիայի արձագանքը անցյալում եղել է Ցեղասպանությունը ճանաչողներին պատժելը եւ սպառնալը», - գրում նախարարը:

Նա հիշեցնում է, որ Թուրքիան մինչեւ օրս հրաժարվում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, փակ է պահում Հայաստանի հետ սահմանը՝ չնայած աճող միջազգային ճնշմանը եւ դատապարտմանը, ամեն ջանք գործադրում է՝ մեկուսացնելու համար Հայաստանը միջազգային եւ տարածաշրջանային տրանսպորտային ծրագրերից եւ կառուցողական դեր չի խաղում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում:

«Այդուհանդերձ, Եվրամիությանը Թուրքիայի հնարավոր անդամակցությունը Հայաստանը չի դիտարկում որպես սպառնալիք ազգային անվտանգությանը: Ճիշտ հակառակը՝ մենք հուսով ենք, որ Թուրքիան կփոխվի եւ ավելի պատրաստակամ կլինի՝ դեմ հանդիման կանգնելու իր պատմությանը եւ ապագային», - ընդգծում է Սերժ Սարգսյանը:

«Ոչ թուրքերը եւ ոչ էլ հայերը չեն գնալու տարածաշրջանից: Տրամաբանական լուծումը միմյանց հետ բնականոն հարաբերություններ ունենալն է», - ընդգծել է Հայաստանի պաշտպանության նախարարը: - «Ես չեմ ասում, թե Հայաստանը պետք է ամեն գնով կարգավորի Անկարայի հետ իր հարաբերությունները: Ես ասում եմ, որ Հայաստանը պատրաստ է կարգավորել Թուրքիայի հետ իր հարաբերությունները առանց նախապայմանների»:

Իր հոդվածը նախարարն ամփոփում է Թուրքիային ուղղված կոչով. - «Մենք չենք կարող լինել մշտական թշնամիներ, եւ նույնիսկ եթե կարողանայինք, ապա անհրաժեշտություն եւ իմաստ չկա նման թշնամության մեջ: Հետեւաբար, հանուն մեր ապագայի՝ շարժվենք առաջ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG