Մատչելիության հղումներ

Նինո Բուրջանաձե. «Հարավային Կովկասի խորհրդարանական նախաձեռնության կոմյունիկեն չստորագրվեց Հայաստանի մեղքով»


Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեն ադրբեջանական APA լրատական գործակալությանն ասել է, թե Հարավային Կովկասի խորհրդարանական նախաձեռնության վերջին նիստում ամփոփիչ կոմյունիկեի ստորագրումը ձախողվել է Հայաստանի մեղքով:

day.az ինտերնետային պարբերականի հաղորդմամբ, Վրաստանը առաջարկել է այդ փաստաթղթում կետ մտցնել Ռուսաստանում վրացիների եւ Կովկասի մյուս ժողովուրդների ներկայացուցիչների նկատմամբ այլատյացության դրսեւորումների մասին, իսկ Հայաստանը առաջարկել է «Ռուսաստանում» բառը փոխարինել «մի շարք երկրներում» արտահայտությամբ, ինչից հետո Վրաստանը հրաժարվել է ստորագրել կոմյունիկեն:

Նինո Բուջանաձեն, ելույթ ունենալով խորհրդարանի բյուրոյում, հայտարարել է, թե Հայաստանի նման դիրքորոշումը կարելի է «տհաճ փաստ» գնահատել տարածաշրջանի միասնական սկզբունքների ձեւավորման տեսանկյունից:

Հայաստանին նույնպիսի մեղադրանքներ էր հասցեագրել նաեւ Վրաստանի խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Գաբաշվիլին:

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը, մեկնաբանելով վրացական կողմի մեղադրանքները, հայտարարել էր, որ միջազգային ֆորումներում հայաստանյան պատվիրակությունները պարտավոր են գործել միայն իրենց երկրի շահերից ելնելով:

«Այսօրվա դրությամբ վրացական կողմը ցանկանում է, որպեսզի մշտապես ընդունվեն միայն իրեն ձեռնտու որոշումներ՝ երբեւէ իրեն նեղություն չպատճառելով խորհել, թե որքանո՞վ են Վրաստանի դիրքորոշումները եւ վարվելակերպը համապատասխանում Հայաստանի շահերին», - ընդգծել էր Հայաստանի խորհրդարանի խոսնակը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG