Մատչելիության հղումներ

Մահացել է Սափարմուրադ Նիյազովը


Այս գիշեր սրտի տագնապից 66 տարեկան հասակում մահացել է Թուրքմենստանի նախագահ Սափարմուրադ Նիյազովը:

Նիյազովը Թուրքմենստանում իշխանության է եկել 1985 թվականին՝ որպես կոմունիստական առաջնորդ:

Խորհրդային Միության փլուզումից հետո նա պահպանեց միանձնյա իշխանությունը, որը վերածվեց անհատի պաշտամունքի: Նրան անվանում էին Թուրքմենբաշի, ինչը թարգմանվում է որպես «բոլոր թուրքմենների առաջնորդ»:

Նիյազովը իր 5֊-միլիոնանոց բնակչությամբ երկրում չէր հանդուրժում քաղաքական ընդդիմություն եւ ազատ մամուլ, իսկ 1999 թվականին իրեն հռչակել էր ցմահ նախագահ:

Իրավապաշտպան կազմակերպությունները նրան մեղադրում էին մարդու իրավունքների համատարած ոտնահարման մեջ:

Մայրաքաղաք Աշգաբադի կենտրոնում կանգնեցված է Նիյազովի հսկայական ոսկյա արձանը, որը պտտվում է այնպես, որ Թուրքմենբաշին մշտապես կանգնած լինի դեմքով դեպի արեւը:

Երկրի առաջնորդի մահվան կապակցությամբ Թուրքմենստանում սուգ է հայտարարվել: Դադարեցվել է բոլոր 23 կառավարական թերթերի հրատարակումը, կառավարությունը չեղյալ է հայտարարել Ամանորի կապակցությամբ անցկացվելիք տոնական միջոցառումները:

«Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ, դիտորդները կարծիք են հայտնել, որ նավթի եւ գազի պաշարներով հարուստ Թուրքմենստանի ապագան Նիյազովի մահից հետո անորոշ է, քանի որ իշխանության հստակ ժառանգորդներ չկան:

Համաձայն երկրի Սահմանադրության, իշխանությունը ժամանակավորապես անցնելու է խորհրդարանի նախագահ Օվեզդելդի Աթաեւին: Ըստ թուրքմեն պաշտոնյաների, Նիյազովի հուղարկավորությունը կայանալու է կիրակի օրը:

Նիյազովի մահվան կապակցությամբ Թուրքմենստանի կառավարությանը այսօր ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Հայ ժողովրդի եւ անձամբ իմ անունից ցավակցություն եմ հայտնում Թուրքմենստանի ժողովրդին եւ ղեկավարությանը, նախագահ Նիյազովի հարազատներին եւ մտերիմներին», - ասված է հեռագրում: -«Սափարմուրատ Նիյազովը կանգնած էր անկախ Թուրքմենստանի կայացման ակունքներում եւ եղել է նրա անփոփոխ առաջնորդը: Մենք բարձր ենք գնահատում նրա ներդրումը հայ-թուրքմենական հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման գործում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG