Մատչելիության հղումներ

logo-print
Ուղիղ 15 տարի առաջ՝ Ռուսաստանի, Ուկրաինայի ու Բելառուսի կողմից Բելովեժյան համաձայնագրի կնքումից 13 օր անց, պաշտոնապես ձեւավորվեց Անկախ Պետությունների Համագործակցությունը:

1991 թվականի դեկտեմբերի 21-ին Ղազախստանի մայրաքաղաք Ալմա-Աթայում անցկացված ԱՊՀ-ի հիմնադիր գագաթնաժողովի ժամանակ խորհրդային հանրապետությունների մեծ մասը արձանագրեց` Խորհրդային Միությանը փոխարինելու է գալիս անկախ պետություններից ձեւավորված, կառուցվածքի ու լիազորությունների առումով բավական հեղհեղուկ մի միավոր` ԱՊՀ-ն:

Գագաթնաժողովին մասնակցում էին խորհրդային 15 հանրապետություններից 11-ի նախագահները, այդ թվում՝ Հայաստանի առաջին նախագահ Lեւոն Տեր-Պետրոսյանը:

Ալմա-Աթա չէին ժամանել միայն Բալթյան երեք հանրապետությունների եւ Վրաստանի ներկայացուցիչները:

Այդ ժամանակ Բալթյան պետություններն արդեն հայտարարել էին, որ իրենց հիմնական նպատակը եվրոպական ինտեգրումն է, իսկ Վրաստանում 1991-ի դեկտեմբերին կիզակետին էր հասել զինված պայքարն ընդդիմության ու նախագահ Զվիադ Գամսախուրդիայի միջեւ, եւ Վրաստանը նորաստեղծ այս կառույցին միացավ միայն 1993-ի դեկտեմբերին` Հարավային Օսիայի ու Աբխազիայի փաստացի կորուստից հետո:

1991-ի տարեվերջի իրադարձությունների առանցքային դերակատարներից մեկը` Բելառուսի նախկին ղեկավար Ստանիսլավ Շուշկեւիչը համոզված է, որ ԽՍՀՄ-ը իրականում փլուզեցին օգոստոսյան պուտչի կազմակերպիչներն ու Միխայիլ Գորբաչովը, իսկ «հանրապետությունների ղեկավարները պարզապես այնքան արիություն ունեցան, որ արձանագրեն` Խորհրդային Միությունն այլեւս գոյություն չունի»:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Խորհրդային Միության փլուզումը բնորոշել է որպես «դարի խոշորագույն աշխարհաքաղաքական աղետ»:

Ռուսաստանում իրենց նախագահի տեսակետին հիմնականում համաձայն են: Ըստ Բաշկիրովի սոցիոլոգիական ծառայության՝ ԽՍՀՄ-ի փլուզմանը ցավով է վերաբերվում ռուսաստանցիների 56 տոկոսը: Իսկ Lեւադայի կենտրոնի աշխատակիցները հավելում են, որ ԽՍՀՄ-ի փլուզման համար ափսոսող ռուսաստանցիների թիվը տարեցտարի կրճատվում է` ի հաշիվ ավելի երիտասարդ ու նյութապես ապահովված ռուսաստանցիների, որոնց համար միեւնույն է` կա Խորհրդային Միությունը, թե՝ ոչ:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG