Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Քաղաքագետ Լեւոն Զուրաբյանը «Հայք» թերթում կարծիք է հայտնում. - «Ես երբեք որեւէ պատրանք չեմ ունեցել, որ Քոչարյանը կգնա խնդրի լուծման: Միշտ էլ այն կարծիքին եմ եղել, որ եւ Քոչարյանը, եւ Ալիեւը չունեն քաղաքական անհրաժեշտ կամք, լեգիտիմություն եւ ռազմավարական հեռատեսություն, որ լուծեն Ղարաբաղի հարցը: Ղարաբաղի հարցը ամենահեշտը կլուծվեր 1993, 1994, 1995 թվականներին: Պատերազմում Ղարաբաղից դուրս տարածքները գրավվում էին իսկապես տակտիկական՝ Ադրբեջանին խաղաղություն պարտադրելու նպատակով: Բայց տրամաբանությունը գնալով փոխվեց: Եվ խնդրի խաղաղ կարգավորման հնարավորությունը գնալով նվազում է»:

Անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությանը` պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը «Առավոտ»֊ում կարծիք է հայտնում. - «Երբ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը ժամանակին ասաց, որ ինքը կսատկացնի ընդդիմությանը՝ ոչ ոք բառացի չընկալեց, թե նա մտադիր է, օգտագործելով իր դիրքը, տանկերով, զորքով ու ինքնաձիգներով ֆիզիկական հաշվեհարդար տեսնել ընդդիմության նկատմամբ: Եվ ինքը՝ Սերժ Սարգսյանն էլ բացատրեց, որ նա դա ասում էր փոխաբերական իմաստով: Եթե մարդը պաշտպանության նախարար է, բանակի պատասխանատու եւ իրեն իրավունք է վերապահում պինդ արտահայտություններ անել, ապա ազատամարտի վետերանների այդպիսի արտահայտությունները թեեւ անցանկալի են, բայց բանավոր նման խոսքերը չի կարելի ներկայացնել իբրեւ իշխանությունը բռնությամբ տապալելու ծրագրեր»:

Իսկ «Հայկական ժամանակ»֊-ը գրում է. - «Ըստ մեր ունեցած տեղեկությունների, որոնք լրացուցիչ ստուգման կարիք ունեն, Սեֆիլյանը վերջին ժամանակներս բավականաչափ սերտորեն համագործակցում էր «Դաշինք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի հետ, եւ ավելին՝ գործում վերջինիս գաղափարական ղեկավարության ներքո։ Ի՞նչն էր այդչափ սերտորեն կապում Սամվել Բաբայանին եւ Ժիրայր Սեֆիլյանին (եթե, իհարկե, մեր ունեցած տեղեկությունները հաստատվեն)։ Մի՞թե միայն Ղարաբաղյան պատերազմին մասնակցությունը։ Անձնական համակրա՞նքը։ Իսկ գուցե ընդհանուր համոզմո՞ւնքը, թե քաղաքական խնդիրները կարող են լուծվել զենքի օգնությամբ։ Դուք նկատե՞լ եք, որ ե՛ւ Սամվել Բաբայանը՝ Արկադի Ղուկասյանի նկատմամբ անհաջող մահափորձից հետո, ե՛ւ Ժիրայր Սեֆիլյանը՝ այսօր, կամա թե ակամա փորձում են ներկայանալ հասարակության առջեւ Պրոմեթեւսի կերպարանքով։ Այսինքն՝ երազել են փրկել եթե ոչ ողջ մարդկությանը, ապա գոնե հայոց աշխարհի տարածքում ապրող նրա մի մասին, եւ դրա համար էլ խոշտանգումների են ենթարկվում չար ուժերի կողմից»։

«Հայկական ժամանակ»֊-ի թղթակիցը հարց է տալիս հանրապետական պատգամավոր Նահապետ Գեւորգյանին. - «Պարոն Գեւորգյան, Նալբանդյանի գյուղապետի սպանությունը կազմակերպելու մեջ գյուղում շատերը տալիս են ձեր եւ նախկին մարզպետ Ալբերտ Հերոյանի անունը»: Պատգամավորը պատասխանում է. - «Սա քաղաքական անբարոյականություն է, որի մեջ փորձում են տալ իմ անունը»: «Իսկ ինչո՞ւ են մարզում տեղի ունեցող բոլոր նման դեպքերը կապում հատկապես ձեր անվան հետ»: «Պարզ չէ՞, ինչի են իմ անունը տալիս, բա հո մի հասարակ ջրվորի անուն չպիտի՞ տային. պատգամավոր տղա եմ, երեւացող տղա եմ, առաջիկայում նորից թեկնածությունս կդնեմ, որոշ քրչոտներ ուզում են ծրագրերիս խանգարել, դրա համար էլ փորձում են իմ անունը վարկաբեկել: Սրանք շատ կեղտոտ խաղեր են, բայց ես կեղտոտ խաղերի չեմ մասնակցում: Իմ ինչի՞ն էր պետք նման բան անելը, կամ Հանրապետականի ինչի՞ն էր դա պետք: Ես երեխաներ ունեմ, տուն ունեմ, հարգանք ունեմ, իմ պապը, իմ հերը հարգանք են թողել էս ռայոնում, հաց են տվել: Մենք մարդ ենք, մենք մարդասպան չենք»:

Իսկ «Ժամանակ Երեւան»֊-ի մեկնաբանը գրում է. - «Քոչարյանի ամբողջ հարցազրույցից ակնհայտ էր, որ նա փորձում է ամեն գնով համոզել լսողին ու տեսնողին, որ իշխանական համակարգում ամեն ինչ նորմալ է, որ ինքը վերահսկում է բոլոր գործընթացները: Եվ ահա այդ հարցազրույցից հինգ օր անց գյուղապետ են սպանում, ընդ որում այն մարզում, ուր նույնպես մի քանի օր առաջ տեղի է ունեցել մարզպետի փոփոխություն, նշանակվել է նոր՝ ոստիկան մարզպետ: Այդ պարագայում գյուղապետի սպանությունը ոչ այլ ինչ է, քան երկրում անվտանգության եւ կայունության փուչիկի պայթյուն»:

«168 ժամ»-֊ը փաստում է. - «Հայերն ամեն ինչ միշտ բոլ֊-բոլ են սիրել, ինչի հետեւանքով էլ ամեն ինչից երկու հատ ունեն: Օրինակ, որեւէ մեկը չի կարող բացատրել, թե ինչո՞ւ հայերն ունեն երկու կաթողիկոս՝ այս հարցի պատասխանը, թերեւս, միայն դաշնակները կիմանան: Երեւի դեռ լավ ենք պրծել, կարող էր ավելի շատ լինել: Կարող էր, չէ՞, այնպես ստացվել, որ մեր բոլոր օլիգարխները ուզենային մի֊-մի հատ սեփական կաթողիկոս ունենալ, որ իրենց մեղքերին հասցնեին թողություն տալ: Կամ, ասենք, հայերն ունեն երկու լեզու: Մեր Սահմանադրության մեջ հստակ գրված է, որ Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է: Սակայն ոչ մի տեղ գրված չէ՝ ո՞ր հայերենը՝ արեւելահայերե՞նը, թե՞ արեւմտահայերենը: «Վերջին երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ ունեցանք տարվա լավագույն երկու երգչուհի (մրցույթի կազմակերպիչներին ուզում եմ տեղեկացնել, որ լավագույնը, սովորաբար, լինում է մեկը: Իսկ եթե որոշել էին երկուսին տալ այդ մրցանակը, ապա կարելի էր, օրինակ, հայտարարել` «տարվա երկու լավագույն երգչուհիներ»): Հայկական երկու պետություն ունենք, հետեւաբար նաեւ` երկու մայրաքաղաք... Հայաստանում փաստացի երկիշխանություն է... Լավ է գոնե, որ Արտաշես Գեղամյան, Արթուր Բաղդասարյան եւ Վիկտոր Դալլաքյան ընդամենը մեկ օրինակից ունենք: Պատկերացնո՞ւմ եք, եթե նրանցից էլ երկուական օրինակից ունենայինք»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG