Մատչելիության հղումներ

Թալանվել է Հայաստանի առաջադիմական կուսակցության առաջնորդի բնակարանը


Երեկ երեկոյան անհայտ անձինք մուտք են գործել Հայաստանի առաջադիմական կուսակցության (ՀԱԿ) նախագահ Տիգրան Ուրիխանյանի բնակարան: Ավազակային խումբը, նախապես անջատելով բնակարանի անվտանգության բոլոր համակարգերը, ջարդուփշուր է արել բնակարանի դուռը եւ թալանել բավականին արժեքավոր իրեր:

Ուրիխանյանի բնակարանում արժեքավոր շատ իրեր կային, սակայն կողոպտողները հափշտակել են սեղանին դրված գումարի եւ ոսկեղենի մի մասը միայն:

Այսօր կուսակցության գրասենյակում կազմակերպված ասուլիսի ընթացքում ՀԱԿ-ի ներկայացուցիչները տեղի ունեցածին քաղաքական աստառ տալ չցանկացան` այդուհանդերձ ասելով, թե «կասկածելու տեղ դեռ ունեն»:

Կուսակցության վարչության անդամ Արմեն Մարտիրոսյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ անուններ նշել իրենք «այս պահին պարզապես հրաժարվում են»: Փոխարենն ավելացրեց, որ «կողոպուտն ահազանգ է` ուղղված կուսակցության վերջերս նկատվող ակտիվ գործունեությանն ու քայլերին»:

Տիգրան Ուրիխանյանը թեեւ գտնվում էր գրասենյակում, սակայն ասուլիսին ներկա չէր: Վարչության անդամների խոսքով, կուսակցության առաջնորդն առայժմ ձեռնպահ է մնում փաստի առիթով մեկնաբանություններից։

Ոստիկանության Շենգավիթի բաժանմունքում դեպքի առիթով հարուցված է քրեական գործ, կատարվում է հետաքննություն:


Նարինե Ղալեչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG