Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի պաշտպանության նորանշանակ նախարարը ժամանել է Բաղդադ


Ռոբերտ Գեյթսը, որը երկու օր առաջ է պաշտոնապես ստանձնել ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պարտականությունները, անակնկալ փաստահավաք այցով այսօր ժամանել է Բաղդադ:

Իր հետ Բաղդադ մեկնող լրագրողներին Գեյթսը ասել է, թե ուղեւորության նպատակն է՝ «լսել հրամանատարներին, զրուցել իրաքցիների հետ, տեսնել, թե ինչ կարող եմ սովորել»:

Ներկայումս Վաշինգտոնում բուռն բանավեճեր են ընթանում եւս 30 հազար ամերիկացի զինծառայողներ Իրաք ուղարկելու հարցի շուրջ:

Նախօրեին հրապարակվել է Պենտագոնի զեկույցը, համաձայն որի, Իրաքում ամերիկյան զորքերի կրած կորուստները մոտենում են 3 հազարին:

Երկրի նախագահ Ջորջ Բուշը Իրաքի հարցում ԱՄՆ-ի նոր ռազմավարության վերաբերյալ որոշումը հետաձգել է մինչեւ գալիք տարվա սկիզբ՝ Գեյթսին ժամանակ տրամադրելով իրավիճակը գնահատելու համար:

Երկուշաբթի օրը իր երդմնակալության արարողության ժամանակ Ռոբերտ Գեյթսը հայտարարել էր, թե «Միացյալ Նահանգների ձախողումը Իրաքում աղետ կլիներ»:

«Ֆրանսպրես» գործակալությունը նշում է նաեւ, որ Գեյթսի օդանավի վայրէջքից քիչ առաջ Բաղդադում հերթական ահաբեկչությունն է կատարվել: Երկու մեքենայի պայթեցման հետեւանքով զոհվել է 15 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG