Մատչելիության հղումներ

Հայաստանին մատակարարվող գազի ծավալի նվազումը չի ազդել բնակչության եւ ձեռնարկությունների վրա


Վրաստանում տեղի ունեցած վթարի պատճառով Հայաստանին մատակարարվող գազի ծավալի կտրուկ նվազումը դեռեւս չի ազդել ոչ բնակչության, ոչ էլ արտադրական ձեռնարկությունների վրա, քանի որ այն լրացվում է պահեստավորված գազի հաշվին:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց «Հայռուսգազարդ» ընկերության լրատվական ծառայության ղեկավար Շուշան Սարդարյանը, երկու օր առաջ Վրաստանի տարածքում մայրուղային գազատարի վրա տեղի ունեցած վթարի հետեւանքով դադարեցվել էր գազի մուտքը Հայաստան, «սակայն մեր վրացի գործընկերների գործադրած ջանքերի շնորհիվ դեկտեմբերի 18-ի առավոտյան ժամը 9:20 գազը մատակարարվեց պահեստային գազատարով»:

Եթե երկուշաբթի օրվա դրությամբ Հայաստան էր ներկրվում ժամում 50 հազար խորանարդ մետր գազ, ապա այսօր առավոտյան, «Հայռուսգազարդ»-ի դիսպետչերական վարչության տվյալներով, ներկրվող գազի ծավալը կազմում է ժամում 134 հազար խորանարդ մետր:

Ըստ Շուշան Սարդարյանի, եւ երեկ, եւ այսօր ներկրված գազի ծավալը կազմում է ներքին պահանջարկի մոտավորապես մեկ երրորդը:

«Հայռուսգազարդ»-ի լրատվական ծառայության ղեկավարի վկայությամբ, ներկայումս ինտենսիվ աշխատանքներ են տարվում վթարի վայրում, Հայաստանից եւս մասնագետներ են մեկնել: «Մեր վրացի գործընկերների հավաստմամբ, հնարավոր է, որ այսօր երեկոյան վերացվեն վթարի հետեւանքները եւ սկսվի գազամատակարարումը», - ասաց նա:

Ինչ վերաբերում է ներքին շուկային, ապա, Շուշան Սարդարյանի խոսքերով, «ամենայն հավանականությամբ, ռեժիմների որեւէ փոփոխություն չի լինի, որովհետեւ ներքին սպառումը հիմնականում ապահովվում է ստորգետնյա պահեստարանի գազով»:

Միաժամանակ, «Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ, ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերության խոսնակ Սերգեյ Կուպրիյանովը երեկ Վրաստանին հորդորել է անել հնարավորը՝ վնասված գազատարը առավելագույնս արագ վերականգնելու համար:

«Մենք տեղյակ չենք, թե ինչն է Վրաստանում գազատարի վթարի պատճառը: Սակայն ակնհայտ է, որ եթե վերականգնողական աշխատանքները երկար ձգձվեն, Հայաստանը կարող է ձմռանը մնալ առանց պահեստավորված գազի», - հայտարարել է Կուպրիյանովը եւ հավելել. - «Սա շատ մտահոգիչ իրավիճակ է»:



Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG