Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


«Տարեգիր»-ը տեղեկացնում է, որ օրեր առաջ ձերբակալվել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի երեք հսկիչները, իսկ ձերբակալման պատճառը կալանավորներին թմրանյութ մատակարարելն է: «Սա վկայում է կալանավայրերում տիրող կատարյալ խայտառակության մասին», - գրում է թերթը՝ ուշագրավ համարելով այն, որ հսկիչները այս համակարգի ստորին օղակի աշխատողներ են. - «Այսինքն՝ նրանք թմրանյութ ներս ու դուրս տանել չէին կարող առանց վերադասի իմացության ու թողտվության: Մինչդեռ պատժի ողջ ծանրությունը կրում են նրանք, իսկ գլխավոր մեղավորները շարունակաբար մնում են անպատիժ»:

«Հայաստանի Հանրապետություն» եւ «Առավոտ» օրաթերթերն այսօր տպագրել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ծրագրի ծավալուն նախագիծը՝ նոր խմբագրությամբ: Փաստաթուղթը սկսվում է այսպես. - «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստեղծվել է ժողովրդին ծառայելու, նրա համար արժանավայել կյանք ապահովելու եւ մեր հայրենիքի բարգավաճմանն իր նպաստը բերելու նպատակով»: Իսկ «Ժամանակ Երեւան» թերթը մեջբերում է ընտրողներից մեկի կարծիքը. - «Գագիկ Ծառուկյանն է ամենաարժանավոր թեկնածուն, նրան է պետք ընտրել երկրի նախագահ: Որովհետեւ մարդը «վիդով» է, ժողովրդին տեր է կանգնում, պապայություն է անում»:

«Հայք» թերթը որոշ մանրամասներ է հայտնում Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մասին. - «Մասնագիտական գործունեության ընթացքում հասել է առավելագույնը ավագ ինժեների եւ կրտսեր գիտաշխատողի որակավորման: Ասում են, խորհրդային տարիներին փորձում էր փող աշխատել հեռուստացույց նորոգելով, սակայն առանձնապես հաջողություններ չի ունեցել: Անձնական բիզնես, ըստ մեր տեղեկությունների, չունի: Գույքի եւ եկամուտների 2005 թվականի հայտարարագրով ունի մեկ բնակելի շինություն՝ 505 քառակուսի մետր մակերեսով: Այդ դղյակը գտնվում է Այգեստան թաղամասում, այն կարելի է տեսնել ճոպանուղիով երթեւեկելիս: Վարչապետի եկամուտները միայն աշխատավարձից են՝ տարեկան 4 միլիոն դրամ»:

Իսկ «Առավոտ»֊-ը, անդրադառնալով «Ֆորբս - Հայաստան» նոր հանդեսում տպագրված հայաստանցի մեծահարուստների վիճահարույց ցուցակին, փաստում է. - «Եթե առաջնորդվենք Հայաստանի հարկային ծառայության տեղեկանքով, ապա կստացվի, որ ամենահարուստ տեղացի գործարարը Բարսեղ Բեգլարյանն է՝ նա հայաստանցիներից ամենաշատն է հարկեր մուծել, իսկ պարոն Ծառուկյանը ընդամենը 76-րդ տեղում է: Հայաստանի պետական չինովնիկների վերաբերյալ միակ պաշտոնական աղբյուրը նրանց հայտարարագրերն են: Ըստ այդմ, Հայաստանի ամենահարուստ պաշտոնյան տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանն է, որը հայտարարել է, թե 2005 թվականին աշխատել է շուրջ 2,2 միլիոն դոլար: «Առավոտ»֊-ը «Ֆորբս»-ի խմբագրին խորհուրդ է տալիս. - «Ընդհանրապես չարժե նման ռեյտինգ հրապարակել` «աչքաչափով» որոշելով, թե ով որ տեղում է, իսկ հետո՝ տեսնելով, որ Սերժ Սարգսյանը դրանից նեղանում է, հայտարարել, թե դա ամանորյա կատակ էր»:

«Տարեգիր»-֊ը ոչ կոնվենցիոնալ հարցեր է ուղղել Ստեփան Դեմիրճյանին. - «Պարոն Դեմիրճյան, փոքր հասակում անսովոր ունակություններ, հետաքրքրություններ ունեցե՞լ եք». «Վունդերկինդ չեմ եղել»: «Այսօր ընդդիմության լիդերներից եք, փոքրուց ի՞նչ էիք երազում դառնալ, երբ մեծանաք». «Ընդդիմության լիդեր չեմ երազել դառնալ մանուկ հասակում»: «Իսկ օրինակ, այսօր երազո՞ւմ եք Հայաստանի նախագահ դառնալ». «Նախ, ես 2003֊-ին, ըստ էության, ընտրվել եմ հանրապետության նախագահ: Դրա մասին չէ, որ գիշեր֊ցերեկ մտածում եմ: Ժամանակը կգա, կմտածենք»:

«Ազգ»-֊ը հայտնում է. - «Ճարտարապետ Հրաչյա Պողոսյանի հեղինակային նախագծով Հայաստանի առաջին հանրապետության կառավարության շենքը՝ Հանրապետության 37, կդառնա Ամերիկայի հայկական համագումարի հայաստանյան գրասենյակը: Շենքը հիմնովին քանդելու մասին հայտարարությունները ճարտարապետը համարում է անհիմն եւ անտեղի, որովհետեւ իր մտահղացմամբ վերականգնողական աշխատանքները կատարվելու են առանց արտաքին պատերին դիպչելու»:

«Հայոց աշխարհ»-ը գրում է. - «Ամերիկացի աշխարհահռչակ կինոդերասան եւ ռեժիսոր Սիլվեստեր Ստալոնեն մտադիր է Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանել՝ Ֆրանս Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպի հիման վրա: Ամերիկյան «Դենվեր Փոստ» թերթին տված հարցազրույցում Ստալոնեն ասել է, որ իր նպատակը հայկական քաղաքակրթությունը վերացնելու մասին հերոսապատումը Հոլիվուդի միջոցով աշխարհին ճանաչել տալն է»:

«Հայկական ժամանակ»֊-ը տեղեկացնում է, որ Լոս Անջելեսի աշխարհահռչակ «Կոդակ» դահլիճում, ուր ամեն տարի տեղի է ունենում «Օսկարի» մրցանակաբաշխությունը, դեկտեմբերի 22-ին տեղի է ունենալու հայկական «Annual Music Awards» (AMA) երաժշտական մրցանակաբաշխությունը: Մոտ 3500֊տեղանոց սույն դահլիճում, փաստորեն, առաջին անգամ տեղի է ունենալու խիստ մեծամասշտաբ հայկական մրցանակաբաշխություն, որի ժամանակ լավագույններին որոշելու է ամբողջ հայությունը` ինտերնետային քվեարկության միջոցով: AMA-ն ուղիղ եթերում կհեռարձակվի «Արմենիա» հեռուստաընկերությամբ:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG