Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր կուսակցությունը ձեւավորում է «քաղաքացիական հետապնդումների կոմիտեներ»


«Հայրենիք ու պատիվ» կուսակցության մարզային կառույցները ձեւավորում են քաղաքացիական հետապնդումների կոմիտեներ, որոնք անօրինական գործողությունների դեպքում այս իշխանություններին պատրաստ են արժանի հակահարված տալ», - հակակրիմինալ շարժման հերթական հավաքի ժամանակ երեկ հայտարարեց այդ կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը:

«Թող նախագահը, պաշտպանության նախարարը եւ հանցավոր ռեժիմը լսի, որ իրենց առանձին կալանքները, որը չենք բացառում, որ թվով կաճեն, հոգեբանորեն, բարոյապես չի ազդելու մեր, մեր շարքերի, ժողովրդի վրա», - շարունակեց Մարգարյանը` նկատի ունենալով այս ամիս ավելի վաղ` «Հայրենիք ու պատիվ» կուսակցության ղեկավար անդամ Վարդան Մալխասյանի եւ Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունը: - «Այն ՊԱԿ-ի ոհմակը, որ կփորձի գիշերվա, արգելված ժամի առանց որեւէ իրավական հիմքերի ներխուժել, կստանա հարված... Այս հազար, հարյուր, հիսուն հոգին հրացանավոր մարդիկ են. միք խաղա կրակի հետ»:

«Տեղյակ ենք, թե ինչ մեթոդներով [իշխանությունները] կփորձեն ներազդել [Սեֆիլյանի ու Մալխասյանի վրա]», - ասաց Գառնիկ Մարգարյանը` հավելելով. - «Չի լինի: Այդ զույգին կոտրել չի լինի: Մենք թույլ չենք տալու, որ նրանց արտաքսեն երկրից»:

Լրատվամիջոցներին են տրամադրվել դեկտեմբերի 2-ին տեղի ունեցած «Հայ կամավորների համախմբում» նախաձեռնության առաջին հավաքի ժամանակ հնչած այն ելույթների սղագրությունները, որոնց հիման վրա Ազգային անվտանգության ծառայությունը սահմանադրական կարգը բռնի ուժով տապալելու մեղադրանքով կալանավորեց Ժիրայր Սեֆիլյանին եւ Վարդան Մալխասյանին:

Մալխասյանը իր ելույթում, օրինակ, ասել էր. - «Երկրում իշխանությունը հանձնված է թշնամուն... Սրանցից ժամ առաջ ազատագրվելը հայ ժողովրդի փրկության խնդիրն է»:

«Ով որ համաձարկվի հող զիջել, դրա գլուխը ջարդելու ենք... Հավատացեք, մեր երկրում կան շատ մարդիկ, որոնք դա կատարելու են», - իր ելույթում ասելի էր Սեֆիլյանը` շարունակելով. - «Այս մարդիկ խաղաղ ցույցերով չեն հեռանա. ես ձեզ հավաստիացնում եմ: Դրսի ճնշումով չեն հեռանա: Եթե մենք կազմակերպվեցինք եւ կարողացանք որակական լուրջ ուժ ստեղծել, իրենք հեռանալու են»:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG