Մատչելիության հղումներ

logo-print

Դոլարի արժեզրկման հետեւանքով բուհերում կաշառքը դրամով են վերցնում


«Կոռուպցիայի գծով առաջատարն այսօր պետական ագրարային համալսարանն է. այստեղ սոցիոլոգիական հարցմանը մասնակցած ուսանողների 96 տոկոսը հաստատել է, որ բուհում կոռուպցիա կա, ընդ որում նրանց 83 տոկոսը փաստել է, որ անձամբ է կաշառք տվել»,֊ - այսօր հայտարարել է Հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական միության ատենապետ Սահակ Մանուկյանը:

Նրա վկայությամբ, երկրորդ տեղում Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանն է, որտեղ հարցված ուսանողների 86 տոկոսն է հաստատել բուհում կոռուպցիայի առկայությունը, իսկ երրորդ տեղը զբաղեցրել է պետական ճարտարագիտական համալսարանը, որտեղ կոռուպցիան փաստել է ուսանողների 85,5 տոկոսը, բայց միայն 20 տոկոսն է համարձակվել ասել, որ ինքը կաշառք է տվել է:

Այս տվյալները հնչակյան կուսակցության ուսանողական միության երիտասարդները մեջբերում են 2000 ուսանողների հետ իրենց մեկամսյա սոցիոլոգիական հարցումների արդյունքներից, որոնք անցկացրել են պետհամալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի մասնագետներն ու ուսանողները:

Երկրորդ եռյակը բացում է պետական տնտեսագիտական համալսարանը, որը կաշառակերության տարածման առումով, ըստ երիտասարդների, չորրորդ տեղում է՝ դա փաստել է հարցված ուսանողների 81 տոկոսը: 5-րդ եւ 6-րդ տեղերը զբաղեցրել են մանկավարժական համալսարանն ու Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը:

«Ամենախոշոր գումարները բժշկականում, տնտեսագիտականում եւ Բրյուսովում են. քննություն ստանալը` 200 դոլարից ավելի»,- հայտարարեցին Սահակ Մանուկյանը եւ սոցիոլոգիական խմբի ղեկավար Անահիտ Սարգսյանը :

Նրանց վկայությամբ, որոշ բուհեր այնքան էլ չեն ողջունել հարցումներ անցկացնելու իրենց նախաձեռնությունը, ավելին` կաշառակերությամբ երկրորդ եւ չորրորդ հորիզոնականները զբաղեցրած բժշկական եւ տնտեսագիտական համալսարաններում նույնիսկ լրջորեն խոչընդոտել են նրանց:

«Բժշկականում 300 հոգու էինք նախատեսել, բայց ուսխորհուրդն արգելեց, հազիվ 100 ուսանողների կարողացանք հարցնել, այն էլ սոցիոլոգները ստիպված էին կանգնել դռների մոտ եւ այդպես հարցնել»,- նշեցին նրանք:

Առավել դրական ցուցանիշներ հարցումն արձանագրել է արվեստի բուհերում: Գեղարվեստի ակադեմայում կոռուպցիայի առկայությունը փաստել է հարցվածների 18 տոկոսը, պետական կոնսերվատորիայում` 14, Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում` 13,5 տոկոսը:

«Սարգիս Տխրունի» միության անդամները մտադիր են այս արդյունքներն ուղարկել կրթության եւ գիտության նախարարություն:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG