Մատչելիության հղումներ

Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը շաբաթավերջին Թեհրանում հանդիպումներ է ունեցել Իրանի ղեկավարների հետ` քննարկելով երկկողմ հարաբերություններին, էներգետիկային, տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող խնդիրների լայն շրջանակ:

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը, ըստ իրանական լրատվական գործակալությունների, Օսկանյանի հետ հանդիպման ժամանակ ասել է, թե Թեհրանն ու Երեւանը պետք է «իրացնեն երկկողմ հարաբերությունները զարգացնելու հարուստ ներուժը»:

Անդրադառնալով հայ-իրանական համագործակցությանը տարբեր ոլորտներում` Իրանի նախագահը շեշտել է երկկողմ համաձայնությունների իրականացման արագացման անհրաժեշտությունը` ներառյալ Իրան – Հայաստան գազատար խողովակաշարը:

«Անդրադառնալով Հայաստանի եւ Իրանի դարավոր բարեկամությանն ու պատմամշակութային ընդհանրություններին, Օսկայանը ընդգծեց, որ այդ կապերն այսօր հզոր հիմք են ծառայում երկու երկրների հատուկ հարաբերությունների զարգացման համար, որոնք շարունակում են ձեւավորվել փոխադարձ հարգանքի ու փոխվստահության մթնոլորտում», - փոխանցում է Հայաստանի արտգործնախարարությունը:

Իրանցի իր գործընկեր Մանուչեհր Մոթթաքիի հետ հանդիպման ժամանակ երկուստեք գոհունակությամբ նշվել է Իրան-Հայաստան գազատարի, բարձր լարման էլեկտրահաղորդման երրորդ գծի, ինչպես նաեւ այլընտրանքային ճանապարհի շինարարության ծրագրերի կենսագործման փաստը: Շոշափվել են նաեւ էներգետիկայի ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները:

Հանդիպման ընթացքում Մոթթաքին հաստատել է, որ Իրան - Հայաստան գազատարը շահագործման կհանձնվի մինչեւ 2007 թվականի մարտ ամիսը:

«Մեր բարեկամությունը ունի պատմական ծագում եւ ամուր հիմքեր», - համատեղ ասուլիսում ասել է Հայաստանի արտգործնախարարը: - «Ոչինչ չի կարող խաթարել այս բարեկամությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG