Մատչելիության հղումներ

Լրացավ Հրանտ Մաթեւոսյանի մահվան 4-րդ տարելիցը


Արդի հայ գրականության մեծագույն դեմքերից մեկի` Հրանտ Մաթեւոսյանի մահվանից անցած չորս տարիներից հետո էլ չի ստեղծվել «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային կենտրոնը, ինչի մասին խոստումներ էին տվել Հայաստանի պետական այրերը:

Ապագա կենտրոնի համար հողահատկացումը` թեեւ ոչ ամբողջությամբ, արվել է Պուշկինի այգում: Սակայն գրողի այրին` տիկին Վերժինեն, այսօր «Ազատություն» ռադիոկայանին ասաց հետեւյալը. - «Շահագրգիռ ես ինչքան որ տեսա` Անդրանիկ Մարգարյանին տեսա: Վարչապետը, որը շահագրգիռ էր, որը ինչ-որ բաներ էր ձեռնարկում: Բայց զարմանալի ձեւով, երբ վարչապետի ձեռնարկումներին չի պատասխանում քաղաքապետարանը, չեն պատասխանում մյուս կազմակերպությունները... դա միայն կարող է զարմանք առաջացնել»:

Գրողի շիրիմին այսօր այցելել էին միայն ամենամտերիմներն ու ամենահարազատները: Չկային չէին ներկայացուցիչներ ոչ մշակույթի նախարարությունից, ոչ էլ Գրողների միությունից:

«Բացակայությունն է այն ամեն ինչի, ինչ կոչվում է մշակութային մթնոլորտ», - այդ կապակցությամբ ասաց գրողի որդին` Դավիթ Մաթեւոսյանը` հավելելով, որ «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային կենտրոնի ստեղծումը կոչված է հենց այդ մթնոլորտը ստեղծելուն:

«[Կա] իրոք, վերաբերմունքի պակաս», - հավելեց տիկին Վերժինին. - «Ե’վ այս չկամությունը, այն, որ դա չպիտի լինի պետական մակարդակով, այլ ինչ-որ գողունի մի գործ... Դա շատ վիրավորական է»:

«Մարդկային մեծագույն առաքինությունը սեփական չկամությունը կոտրելու կարողությունն է», - ժամանակին գրել է Հրանտ Մաթեւոսյանը: - «Դա է մեծարելու եւ մեծանալու ճանապարհը: Մեծարելով` մեծանալու ճանապարհը: Գնալու եւ հասնելու ճանապարհը»:


Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG