Մատչելիության հղումներ

Ճակատային գիծը հատած ադրբեջանցի զինվորը «չի ցանկանում վերադառնալ հայրենիք»


Դեկտեմբերի 7-ին հայ-ադրբեջանական շփման գիծը հատած ադրբեջանցի զինվորը, Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի խոսքերով, չի ցանկանում վերադառնալ Ադրբեջան:

Կիրակի երեկոյան Ղուկասյանը լրագրողներին ասաց, որ ադրբեջանցի զինվորը հայկական կողմում է հայտնվել «շատ ծանր վիճակում». - «Նրա խոսքերով, որոնք արձանագրել են Միջազգային կարմիր խաչի ներկայացուցիչները, նրան ծեծի էին ենթարկում ծառայության գծով իր ընկերները, ընդ որում` բավական երկար ժամանակ»:

«Նա զենքը ձեռքին, գիտակցաբար անցել է սահմանը` Ադրբեջանում ծեծից փրկվելու համար: Բառացիորեն հաջորդ օրը այդ մասին տեղեկացվել են Կարմիր խաչի ներկայացուցիչները, որոնք նրան հանդիպելու հնարավորություն են ստացել: Գործը հետաքննելու որեւէ անհրաժեշտություն չկա. զինվորը հանձնվել է Միջազգային Կարմիր խաչին, որը բանակցում է Ադրբեջանի համապատասխան կառույցի հետ», - ավելացրեց Արկադի Ղուկասյանը: - «Գոնե մինչեւ այժմ նա ասել է, թե չի ուզում վերադառնալ Ադրբեջան»:

Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսքերով, սա առաջին դեպքը չէ, եւ բոլոր նման դեպքերի մասին, անկախ նրանից, զինվորը գիտակցաբար է անցնում սահմանը, թե պարզապես մոլորվում է, մեկ օրվա ընթացքում տեղեկացվել են Կարմիր խաչի ներկայացուցիչները, որոնք «ձեռնարկում են համապատասխան միջոցներ»:

«Ի դեպ, երբ մեր զինվորներն են անցնում սահմանը, նրանց ամիսներով պահում են այնտեղ եւ վարում ինչ-որ հետաքննություններ», - ասաց Արկադի Ղուկասյանը:

Ինչ վերաբերում է հայկական կողմն անցած ադրբեջանցի զինվորին, Լեռնային Ղարաբաղի նախագահը ասաց, թե ինքը «միանգամայն վստահ է, որ նա կհայտարարի, թե չի ուզում վերադառնալ». - «Ադրբեջանի իշխանությունները ճնշում կգործադրեն նրա ծնողների, ազգականների վրա, ի վերջո` կհամոզեն վերադառնալ: Հավատացնում եմ ձեզ, որ արդյունքում այդ տղան շատ երկար ժամանակ կնստի բանտում»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG