Մատչելիության հղումներ

Թուրքիան դատապարտում է Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի վավերացումը Արգենտինայի Սենատի կողմից


Թուրքիան դատապարտել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի վավերացումը Արգենտինայի Սենատի կողմից:

«Թուրքիային ցեղասպանություն գործադրելու մեջ մեղադրող օրինագիծը զուրկ է իրավական եւ պատմական հիմքից», - ասված է անցած շաբաթավերջին Թուրքիայի արտգործնախարարության տարածած հայտարարությունում: - «Մենք դատապարտում եւ մերժում ենք այդ օրինագիծը, որը հիմնված է պատմության աղավաղման վրա՝ քաղաքական նպատակներով»:

Turkish Daily News-ի փոխանցմամբ, պաշտոնական Անկարան Արգենտինայի խորհրդարանի կողմից օրինագծի ընդունումը որակել է անհամատեղելի ինչպես պատմական փաստերի, այնպես էլ միջազգային իրավունքի հետ:

Օրինագիծը, որով ապրիլի 24-ը հռչակվում է Ժողովուրդների միջեւ հանդուրժողականության եւ հարգանքի օր՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության, նախ ընդունել էր Արգենտինայի խորհրդարանի ստորին պալատը, ապա դեկտեմբերի 13-ին միաձայն հաստատել է Սենատը:

Օրինագիծը թույլատրում է հայազգի պետական պաշտոնյաներին ապրիլի 24-ին բացակայել աշխատանքից՝ Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով: Հայազգի սովորողներին նույնպես թույլատրվում է այդ օրը բացակայել դասերից:

Օրենքի ուժ ստանալու համար օրինագիծը պետք է ստորագրվի Արգենտինայի նախագահ Նեստոր Կիրչների կողմից:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG