Մատչելիության հղումներ

Նովրուզ Մամեդովը Հայաստանի նախագահին մեղադրում է ղարաբաղյան կարգավորման գործընթացի միտումնավոր ձգձգման մեջ


Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը Հայաստանի նախագահին մեղադրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի միտումնավոր ձգձման մեջ:

«Երկրում անցկացվելիք ընտրությունների կապակցությամբ ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացը կանգնեցնելու մտադրության մասին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը հերթական ապացույցն է այն բանի, որ հայկական կողմը անկեղծ չէ՝ հայտարարելով հիմնախնդրի հնարավորինս արագ լուծման մեջ իր շահագրգռվածության մասին», - լրագրողներին ասել է Մամեդովը:

Ադրբեջանական day.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավարը հայտարարել է, թե բանակցային գործընթացի տեւական փուլից հետո պաշտոնական Երեւանը փոքր ընդմիջում էր խնդրել հետագա գործողությունները վերլուծելու համար, «սակայն չի անցել մեկ-երկու շաբաթ՝ եւ Հայաստանի նախագահը հայտարարում է նման բան»:

«Ինչպես երեւում է, հայկական կողմը ջանում է ժամանակ շահել, իսկ Հայաստանի նախագահը ցանկանում է այդ բանակցությունները ենթարկեցնել իր քաղաքական շահերին եւ Հայաստանում անցկացվելիք խորհրդարանական ու նախագահական ընտրությունների կապակցությամբ ձգտում է միավորներ շահել», -եզրակացրել է Նովրուզ Մամեդովը:

Անցած շաբաթավերջին հայաստանյան երեք հեռուստակայաններին տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը, մասնավորապես, ասել էր, որ մինչեւ 2007 թվականի Ազգային ժողովի ընտրությունները ակտիվ բանակցային գործընթաց չի լինելու:

«Ղարաբաղի հարցն օգտագործել նախընտրական պայքարում համարում եմ անբարոյական: Նույնիսկ ամենից լավ առաջարկը կփորձեն վարկաբեկել, եթե այդ առաջարկը, այդ քննարկումները լինեն նախընտրական շրջանում», - կարծիք էր հայտնել Հայաստանի նախագահը:

«Հայաստանում կան մարդիկ, որոնք անհամբեր սպասում են, թե բանակցային գործընթացը հնարավորություն կտա չարաշահել ղարաբաղյան հարցի կարգավորման խնդիրը: Նույնիսկ մարդիկ կան, որոնք պարզ ասում են, որ «Ղարաբաղի հարցում նախագահ Քոչարյանը պարտադրված է լինելու գնալ զիջումների, եւ մենք դա կօգտագործենք քարոզարշավի ժամանակ»: Կհիասթափեցնեմ այդ մարդկանց», - ասել էր Ռոբերտ Քոչարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG