Մատչելիության հղումներ

«Թայմ» հանդեսը Տարվա մարդ է ճանաչել մոլորակի ցանկացած բնակչի


ԱՄՆ-ում լույս տեսնող «Թայմ» հեղինակավոր հանդեսը երեկ հայտարարել է «Տարվա մարդ» մրցույթի արդյունքները, համաձայն որոնց` 2006 թվականի մարդ է ընտրվել մոլորակի ցանկացած բնակիչ:

«Թայմ»-ը իր անսպասելի ընտրությունը բացատրում է Ինտերնետի աննախադեպ զարգացման եւ տարածման հանգամանքով: Ավարտին մոտեցող տարվա ընթացքում շարքային մարդը հսկողություն է սահմանել համաշխարհային մեդիայի նկատմամբ: Դա տեղի է ունեցել Ինտերնետի շնորհիվ, հատկապես կարեւոր դեր են կատարել այսպես կոչված «վեբլոգ»-երը եւ «3ուԹյուբ» կայքը:

«Վեբլոգ»-ը ինտերնետային էջ է, որը գործում է հանդեսի տարբերակով: Մարդիկ այդ էջ են ուղարկում տարատեսակ հաղորդագրություններ՝ նամակներ, պատմվածքներ, հայտարարություններ եւ այլն, դրանք «վեբլոգ»-ում տեղադրվում են ժամանակագրական կարգով, ինչն այդ էջ այցելողին թույլ է տալիս ընթերցել կոնկրետ թեմային վերաբերող բոլոր նախորդ նյութերը:

«3ուԹյուբ»-ը տեսագրությունների կայքէջ է, որն Ինտերնետի շարքային բաժանորդին ընձեռում է ցանկացած տեսագրություն զետեղելու, դիտելու եւ փոխանակելու հնարավորություն: Այդպիսով, ինտերնետային մեդիան դառնում է առավել մատչելի բոլորի համար:

«Թայմ»-ը նաեւ որոշել է, թե հայտնի մարդկանցից ով չի արժանացել Տարվա մարդու կոչմանը: Նրանցից մի քանիսը հայտնի են նաեւ Ինտերնետի նկատմամբ բացասական վերաբերմունքով՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադ, Չինաստանի նախագահ Հյու Ձինթաո եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Իր:

Տիտղոսին չի արժանացել նաեւ ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Ջեյմս Բեյքերը, որը Իրաքի հարցն ուսումնասիրող երկկուսակցական խմբի համանախագահներից էր:

«Թայմ»-ը Տարվա մարդու անունը հրապարակում է 1927 թվականից ի վեր: Հանդեսի ընտրությունը հաճախ վեճեր է հարուցել: 1938 թվականին, օրինակ, Տարվա մարդ է ճանաչվել Ադոլֆ Հիտլերը, իսկ 1979 թվականին՝ Այաթոլա Խոմեյնին:

«Թայմ»-ը նշում է, որ «տարվա մարդ է ընտրվում նա, ով առավել հաճախ հիշատակվել է լուրերում, կարեւոր դեր է կատարել տարվա ընթացքում եւ ազդեցություն է գործել մեր կյանքի վրա՝ անկախ նրանից, թե ինչպիսին էր ազդեցությունը՝ լա՞վ, թե՞ վատ»:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG