Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգները հանդես է գալիս մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված նոր նախաձեռնություններով


Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը երեկ երեկոյան Վաշինգտոնում հայտարարել է, որ կառավարությունը մշակել է աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված երեք նոր նախաձեռնություն:

Դրանցից առաջինով ստեղծվելու է Մարդու իրավունքների պաշտպանների հիմնադրամ, որի հաշվին դրված մեկ միլիոն դոլարից փոքր դրամաշնորհներ են տրամադրվելու արտակարգ վիճակում հայտնված ոչ կառավարական կազմակերպություններին: Հիմնադրամի գումարն ամեն տարի լրացվելու է:

Հաջորդը «Ոչ կառավարական կազմակերպությունների 10 սկզբունքների» հաստատումն է, որոնք կօգնեն ամերիկյան կառավարությանը գնահատել այլ երկրներում կառավարությունների վերաբերմունքը հասարակական կազմակերպությունների հանդեպ:

Սահմանվել է նաեւ «Ազատության պաշտպանների մրցանակ», որն ամեն տարի տրվելու է արտասահմանյան ոչ կառավարական կազմակերպություններին կամ իրավապաշտպան առաքելություն իրականացնող անձանց:

Ներկայացնելով այս նախաձեռնությունները՝ պետքարտուղար Ռայսը բարձր է գնահատել ոչ կառավարական կազմակերպությունների եւ իրավապաշտպանների դերը, որոնք «ամբողջ աշխարհում պաշտպանում են մարդու իրավունքները, բացահայտում են դրանց ոտնահարումների փաստերը, պայքարում են փոքրամասնությունների, աշխատողների, կանանց իրավունքները պաշտպանելու, մարդկանց ապօրինի փոխադրումները կանխելու համար, կայացնում են կենսունակ քաղաքացիական հասարակարգեր, պահանջում են արդար եւ ազատ ընտրություններ, նպաստում են օրենքի հիման վրա հաստատված եւ հաշվետու ժողովրդավարական երկրների կայացմանը»:

«Այդ աշխատանքը կատարելու համար մարդիկ հաճախ վտանգի են ենթարկվում, ստիպված են լինում հաղթահարել բազում խոչընդոտներ», - ընդգծել է ԱՄՆ-ի պետքարտուղարը:

Նրա խոսքերով, այս նախաձեռնությունները վկայում են, որ մարդու իրավունքների պաշտպանության գաղափարները դրված են ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի արտաքին քաղաքականության հիմքում:

Ռայսի ելույթով մեկնարկել է Մարդու իրավունքների միջազգային շաբաթը, որը նվիրված է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հռչակագրի ընդունման 58-ամյակին:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG