Մատչելիության հղումներ

Ընտրությունները համատեղելու որոշման մեջ վրաց մեկնաբանները քաղաքական դրդապատճառներ են տեսնում


Չնայած Վրաստանում նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները համատեղ անցկացնելու առաջարկի հեղինակները այն հիմնավորում են միջոցներ խնայելու անհրաժեշտությամբ, վրաց մեկնաբանները դրանում հնարավոր են համարում նաեւ քաղաքական դրդապատճառի առկայությունը:

Ըստ նրանց, մասնավորապես, համատեղելով ընտրությունները՝ երկրի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին կարող է մեկ հուժկու քարոզարշավով ոչ միայն հաջողության հասնել վերընտրվելու հարցում, այլեւ խորհրդարանում ապահովել իրեն սատարող ուժերի հաղթանակը:

Մեկ այլ վարկած, որի մասին հաղորդել է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության տնօրեն Դավիթ Կակաբաձեն, կապված է ռուսաստանյան ընտրությունների գործոնի հետ, որը, նրա խոսքերով, «քննարկվում է Թբիլիսիի քաղաքական շրջանակներում»:

«Ռուսաստանում նախագահի ընտրությունները տեղի կունենան 2008 թվականի մարտի 9-ին. դա ինքնին կարեւոր քաղաքական իրադարձություն է, որը, Վրաստանի խորհրդարանում ընդունված լրամշակման հեղինակների կարծիքով, կարող է անուղղակի ազդեցություն գործել Վրաստանի ներքին կացության վրա», - ասել է Կակաբաձեն: - «Դրանից խուսափելու համար առաջարկվել է փոխել ոչ միայն նախագահական, այլեւ խորհրդարանական ընտրությունների ժամկետները»:

Սահմանադրական լրամշակումը, որը թույլ կտա 2009 թվականի հունվարին նախատեսված նախագահական ընտրություններն անցկացնել ավելի շուտ՝ 2008 թվականի հոկտեմբեր-նոյեմբերին, Վրաստանի խորհրդարանը առաջին ընթերցմամբ հաստատեց երեկ երեկոյան՝ քվեների 168 կողմ եւ 12 դեմ հարաբերակցությամբ:

Գործող սահմանադրությամբ նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի լիազորությունների ժամկետը սպառվում է 2009 թվականի հունվարին, իսկ խորհրդարանի լիազորություններն ավարտվում են 2008 թվականի մարտին: Նախագծով ենթադրվում է երկարաձգել խորհրդարանի լիազորությունները մինչեւ աշուն եւ երկու ընտրությունները միասին անցկացնել:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG