Մատչելիության հղումներ

Խորհրդարանի մի խումբ պատգամավորներ պահանջում են ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին եւ Վարդան Մալխասյանին


Հինգշաբթի օրը տարածած հայտարարությամբ Հայաստանի Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ պահանջում են «անհապաղ ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին եւ Վարդան Մալխասյանին»:

«ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներս մեր խորը վրդովմունքն ենք արտահայտում Արցախյան ազատամարտի նվիրյալ, Շուշիի Առանձնակի գումարտակի նախկին հրամանատար, «Մարտական Խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետ, «Ազատագրված տարածքների պաշտպանություն» եւ «Հայ Կամավորականների Համախմբում» նախաձեռնությունների համակարգող Ժիրայր Սեֆիլյանի եւ նրա զինակիցների դեմ մոգոնված մեղադրանքների ու դրսեւորվող բիրտ վերաբերմունքի առթիվ», - ասված է հայտարարությունում, որը ստորագրել են Ազգային ժողովի շուրջ մեկեւկես տասնյակ ընդդիմադիր պատգամավորներ: - «Դեկտեմբերի 9-ի երեկոյան, զինված եւ դիմակավոր «իրավապահների» խումբը, բազմաթիվ քաղաքացիների ներկայությամբ, ձերբակալել է ազգանվեր հայորդուն: Նույն օրը ձերբակալվել է նաեւ «Հայ Կամավորականների Համախմբում» նախաձեռնության անդամ Վարդան Մալխասյանը: Դեկտեմբերի 10-ի գիշերը խուզարկություններ են կատարվել «Համախմբման» կենտրոնական գրասենյակում եւ բազմաթիվ անդամների բնակարաններում: Ավելի քան երեսուն հոգի հարկադրաբար բերման են ենթարկվել ոստիկանության բաժիններ»:

«Դատապարտելով կատարվածը` մենք պահանջում ենք վերջակետ դնել մարտնչող ցինիզմի դրսեւորումներին եւ անհապաղ ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին եւ Վարդան Մալխասյանին», - եզրափակում են հայտարարության հեղինակները` հավելելով. - «Ակնկալվում է, որ մյուս պատգամավորները կմիանան հայտարարությանը»:

Լիբանանի քաղաքացի Ժիրայր Սեֆիլյանը եւ Հայաստանի քաղաքացի Վարդան Մալխասյանը ձերբակալվել են դեկտեմբերի 10-ին: Նրանց դեմ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 301 հոդվածի («ՀՀ Սահմանադրական կարգը բռնության փոփոխելուն ուղղված հրապարակային կոչեր») հատկանիշներով:

Երեքշաբթի օրը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը բավարարել է Ազգային անվտանգության ծառայության ներկայացրած միջնորդությունը Ժիրայր Սեֆիլյանին եւ Վարդան Մալխասյանը երկու ամսով կալանելու մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG