Մատչելիության հղումներ

Սեզերը հորդորում է արտահերթ ընտրություններ անցկացնել Թուրքիայում


Թուրքիայի նախագահ Ահմեդ Նեջեթ Սեզերի համոզմամբ, երկրում անհրաժեշտ է անցկացնել վաղաժամկետ ընտրություններ: «Ռոյթերզ»-֊ը նշում է, որ գալիք տարվա մայիսին Սեզերի պաշտոնավարումն ավարտվում է:

Արձագանքելով նախագահի կոչին, վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանն ասել է, թե «այս խորհրդարանը կաշխատի օրենքով նախատեսված 5 տարին՝ մինչեւ հաջորդ տարվա նոյեմբեր»:
Սեզերին եւ աշխարհիկ քաղաքական այլ գործիչներին, ինչպես նաեւ բանակի բարձրաստիճան հրամանատարներին մտահոգում է այն, որ նախագահի աթոռին կարող են հավակնել Էրդողանը կամ էլ որեւէ ուրիշ ներկայացուցիչ նրա առաջնորդած «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունից, որն առնչություն ունի մահմեդական գաղափարախոսության հետ:

«Թուրքիայում ներկայում ստեղծված կացությունը հրատապ է դարձնում վաղաժամկետ ընտրությունների պահանջը, դա շատ կարեւոր է երկրի կայունության համար», - ասել է Սեզերը «Միլիեթ» թերթին տված հարցազրույցում:

«Արդարություն եւ բարգավաճում» աջակենտրոն կուսակցությունը կառավարություն է կազմել 2002 թվականի ընտրություններից հետո: Այդ կուսակցությունից առաջինը վարչապետի պաշտոնը ստաձնել էր ներկայիս արտգործնախարար Աբդուլա Գյուլը՝ 2002 թվականի նոյեմբերի 18-ին:

«Կրոնական գաղափարներ տարածելու» մեղադրանքով 1998 թվականին 10 ամսվա ազատազրկման դատապարտված Էրդողանը 2002 թվականի մարտի 14-ին է ընտրվել վարչապետ, ինչը հնարավոր էր դարձել միայն սահմանադրության լրամշակման շնորհիվ:

«Ռոյթերզ»-ը նշում է, որ վարչապետ Էրդողանը տարբեր առիթներով հավաստիացրել է, թե ինքը չունի «ոչ մի գաղտնի իսլամիստական օրակարգ»:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG