Մատչելիության հղումներ

Այսօր Հայաստան կուղեւորվի Թբիլիսիի ռուսական կայազորի գույքով եւ տեխնիկայով բեռնված վերջին գնացքը


Այսօր երեկոյան Թբիլիսիի Վազիանի արվարձանից Հայաստան՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայան է ուղեւորվելու Անդրկովկասում ռուսաստանյան զորախմբի թբիլիսյան կայազորի գույքով եւ տեխնիկայով բեռնված երկրորդ եւ վերջին գնացքը: Դրանով իսկ, ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, կավարտվի կայազորի գույքի եւ տեխնիկայի դուրսբերումը:

Հայաստան է ուղարկվում մի քանի միավոր ավտոմոբիլային եւ ինժեներային տեխնիկա եւ կայազորի գույքի մի մասը:

Առաջին գնացքը Հայաստան է ժամանել նոյեմբերի 16-ին: Նոյեմբերի 23-ին եւ դեկտեմբերի 1-ին երկու գնացք գույք եւ տեխնիկա են փոխադրել Ռուսաստան՝ Ադրբեջանի տարածքով:

Նոյեմբերից սկսած Թբիլիսիից դուրս է բերվել Անդրկովկասում ռուսաստանյան զորախմբի 140 միավոր զինտեխնիկա եւ մոտ 500 տոննա նյութական միջոցներ:

Կայազորի անձնակազմը Վրաստանից դուրս կբերվի հաջորդ շաբաթ՝ ավտոմեքենաներով:

Հյուսիսկովկասյան ռազմական օկրուգի զորքերի հրամանատար Ալեքսանդր Բարանովը հայտարարել է, որ մինչեւ տարեվերջ թբիլիսյան կայազորում ոչ մի ռուս զինծառայող չի մնալու:

Անդրկովկասում ռուսաստանյան զորախմբի 15 սպաներ իրենց ծառայությունը կշարունակեն Բաթումիում ռուսական ռազմակայանում՝ ղեկավարելու Ախալքալակից եւ Բաթումիից ռուսական ռազմակայանների դուրսբերումը: Ըստ պայմանավորվածության, դրանցից առաջինը փակվելու է մինչեւ 2007 թվականի հոկտեմբերի 1-ը, երկրորդը՝ մինչեւ 2008 թվականի հոկտեմբերի 1-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG