Մատչելիության հղումներ

Բրիտանացի քննիչը այսօր կհրապարակի իշխանուհի Դիանայի մահվան հանգամանքներին վերաբերող զեկույցը


Բրիտանիայի թագավորական ընտանիքը հույս ունի, որ բրիտանացի ամենափորձառու քննիչներից մեկի՝ Lոնդոնի ոստիկանության նախկին ղեկավար Ջոն Սթիվենսի այսօր Lոնդոնում հրապարակվելիք զեկույցը վերջ կտա 9 տարի շարունակ տարածվող այն լուրերին, թե իշխանուհի Դիանայի եւ նրան ուղեկցող եգիպտացի միլիոնատեր Դոդի ալ-Ֆայեդի մահվան պատճառը դժբախտ պատահարը չէր:

Մամուլում հայտնված տեղեկությունները վկայում են, որ թագավորական ընտանիքի հույսերն անհիմն չեն: Ըստ լոնդոնյան պարբերականների` Սթիվենսի զեկույցի մեխը հենց դժբախտ պատահարի վարկածն է լինելու:

Սթիվենսը, որը վերջին երեք տարիներին հետաքննում էր այս գործը, հարցաքննելով անգամ թագաժառանգ Չարլզին, ընդհանուր առմամբ համաձայնել է ֆրանսիացի գործընկերների` 1999 թվականին հրապարակած հետեւություններին: Դրանց համաձայն` ալ-Ֆայեդին ու Դիանային տեղափոխող «Մերսեդես»-ի ֆրանսիացի վարորդ Անրի Պոլը մեքենան վարել էր անսթափ վիճակում, ինչն էլ դարձել էր ողբերգական վթարի պատճառ:

Ըստ պաշտոնական վարկածի` լուսանկարիչների մի խումբ մոտոցիկլերով այդ երեկո հետապնդում էր Դիանայի մեքենան, եւ Անրի Պոլը մի պահ պարզապես կորցրել էր մեքենայի կառավարումը` բախվելով փարիզյան թունելներից մեկի բետոնե սյանը:

Դոդի ալ-Ֆայեդի հայրը` Մոհամեդ ալ-Ֆայեդը, արդեն իսկ հայտարարել է, որ Ջոն Սթիվենսի եզրակացություններին կտրականապես համաձայն չէ: Դիանայի եւ իր որդու մահվան օրվանից նա պնդում է` կատարվածը մահափորձ էր, որի նպատակն էր կանխել իշխանուհի Դիանայի եւ Դոդի ալ-Ֆայեդի ամուսնությունը:

«Ես ցնցված եմ, պարզապես վրդովված եմ, որ Սքոթլանդ Յարդի առաջատար քննիչներից մեկը կարող է հանգել նման անհավատալի եզրակացությունների», - ասել է Մոհամեդ ալ-Ֆայեդը:

Ըստ նրա՝ քննիչի հետեւությունները բացարձակապես այլ կլինեին, եթե չլիներ բրիտանական հետախուզության պահվածքը:

«Ես տեղեկություն ունեմ, որ մի քանի ամիս առաջ բրիտանական հատուկ ծառայությունները գողացել էին Սթիվենսին պատկանող համակարգիչը: Ես համոզված եմ, որ այնտեղ Սթիվենսին վարկաբեկող տեղեկություններ են եղել, եւ դրանց օգնությամբ նրան շանտաժի են ենթարկել, որ նա ասի այն, ինչ իրենից ակնկալում են հատուկ ծառայությունները», - NBC-ին տված հարցազրույցում ասել է ալ-Ֆայեդը:

Դիանայի եւ Չարլզի որդիները` Հարին եւ Ուիլյամը, հանդես են եկել նախաձեռնությամբ` մեծ համերգով նշել 1997-ի փարիզյան ողբերգության տասնամյակը: Լոնդոնի վերանորոգված «Ուեմբլի» մարզադաշտում այդ օրը հանդես կգան Էլթոն Ջոնը, «Դյուրան Դյուրան» խումբը, մի շարք այլ աստղեր: Համերգի տոմսերը վաճառքի են հանվել երեկ` Սթիվենսի զեկույցի հրապարակման նախօրեին, եւ սպառվել են հաշվված րոպեների ընթացքում:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG