Մատչելիության հղումներ

Փորձել են հրդեհել Ազատական առաջադիմական կուսակցության գրասենյակը


Երեկ երեկոյան ժամը 19:00-ի սահմաններում Երեւանի Աբովյան 22ա հասցեում գտնվող Հայաստանի ազատական առաջադիմական կուսակցության գրասենյակը հրդեհելու փորձ է արվել: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց կուսակցության ղեկավար, հակակրիմինալ շարժման անդամ Հովհաննես Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանի փոխանցմամբ, անհայտ անձինք բենզին են լցրել գրասենյակի դռան վրա եւ հրդեհել, սակայն քանի որ գրասենյակը գտնվում է բազմաբնակարան շենքի առաջին հարկում` հարեւանները հրդեհն անմիջապես նկատել եւ մարել են: Հակառակ դեպքում, ըստ նրա, հրդեհը կարող էր լուրջ խնդիր դառնալ ոչ միայն գրասենյակի, այլեւ ամբողջ շենքի համար:

Ի պատասխան հարցի, թե ովքեր կարող էին փորձել հրդեհել կուսակցության գրասենյակը՝ Հովհաննես Հովհաննիսյանն ասաց, թե չի ցանկանում չհիմնավորված հայտարարություններ անել: Ամեն դեպքում, ըստ նրա, այդ գործողությունն ուղղված է կուսակցության գրասենյակի դեմ:

«Մենք զբաղվում ենք միայն քաղաքականությամբ, այլ գործով մենք չեն զբաղվում, եւ հետեւաբար՝ այս քայլն ուղղված է մեր քաղաքական գործունեության դեմ», - ընդգծեց Հովհաննիսյանը:

Ոստիկանությունն արդեն եղել է դեպքի վայրում եւ արձանագրություն է կազմել:

Ոստիկանության լրատվական ծառայությունից փոխանցեցին, որ այժմ հետաքննություն է ընթանում եւ նյութեր են նախապատրաստվում:

Ընդդիմադիր «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը դեպքի կապակցությամբ «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց հետեւյալը. - «Իմ ունեցած տվյալներով, Հայաստանի ոստիկանությունն ու զինվորական ոստիկանությունը, այսպես ասած` ներքին թույլատվություն են ստացել 200 քաղաքական գործիչներ, հասարակական գործիչներ եւ լրագրողներ գաղտնալսելու»:

Կարապետյանի պնդմամբ, նման թույլատրությունը տրվել է «մոտավորապես 10 օր առաջ»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG