Մատչելիության հղումներ

Բժիշկ Ջեկ Գեւորգյանը հունիսին պայմանականորեն ազատ կարձակվի


Եկող տարվա հունիսին պայմանականորեն ազատ կարձակվի Միչիգանի բանտում պատիժը կրող հայազգի բժիշկ Ջեկ Գեւորգյանը, որը 10-15 տարվա ազատազրկման էր դատապարտվել ծանր եւ անբուժելի հիվանդություններով տառապող անձանց իրենց իսկ ցանկությամբ մահացու ներարկումներ կատարելու համար:

Գեւորգյանի դատապաշտպան Մեյեր Մորգենրոթը «Ազատություն» ռադիոկայանի հարցազրույցում արդեն իսկ մեծ հաջողություն համարեց նման որոշում կայացնելու փաստը:

Հարցին՝ արդյոք Գեւորգյանին ազատ են արձակում զուտ հիվանդությա՞ն պատճառով, թե՞ կան այլ հանգամանքներ եւս, Մորգենրոթը պատասխանեց. - «Առաջին հանգամանքն այն է, որ Գեւորգյանը խոստացել է այլեւս նման քայլի չդիմել, երկրորդը՝ որ գերազանց վարքով նա եղել է օրինակելի բանտարկյալ, երրորդ պատճառը՝ հիվանդությունն է»:

«Նա շատ հիվանդ է, ունի սրտի տագնապ, տառապում է շաքարախտով, օրը չորս անգամ ինսուլին է ընդունում: Տառապում է արթրիտից, ունի ուղեղի թաղանթի կարծրացում: Վիճակը ծանր է», - ասաց դատապաշտպանը: - «Գոնե հեպատիտ - C հիվանդությունը բուժում չունի: Ուղղակի հնարավոր է, որ ազատ արձակվելուց հետո կյանքը մի քիչ երկարի: Կարեւորն այն է, որ մնացյալ կյանքը անցնի ավելի հարմար պայմաններում»:

Մորգենրոթը հույս հայտնեց, որ նահանգապետը՝ հիմք ունենալով պայմանական ազատ արձակման որոշումը, մինչեւ հունիս կարող է որոշում կայացնել Ջեկ Գեւորգյանին բանտից ազատելու մասին:

Բանտից դուրս գալուց հետո Գեւորգյանը կբնակվի Դեթրոյթի Բիրմինգհեմ արվարձանում:


Արամ Վանեցյան, Լոս Անջելես

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG