Մատչելիության հղումներ

logo-print

«Կրասնայա զվեզդա». «Վաշինգտոնը իշխանափոխություն է նախապատրաստում Հայաստանում»


Մոսկվայում լույս տեսնող «Կրասնայա զվեզդա» թերթը երեկ պնդել է, որ «Վաշինգտոնը հաջորդ տարի իշխանափոխություն է նախապատրաստում Հայաստանում»:

Վկայակոչելով փորձագետ Հայկ Մարգարովին` թերթը գրել է, որ ԱՄՆ֊-ի Հանրապետական կուսակցությանը մոտ կանգնած American Heritage քաղաքական հիմնադրամում արդեն մշակվել է Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու ծրագիրը, որը կոչվում է «Անվար Սադաթ֊-2»: «Եգիպտոսի նախկին նախագահ Անվար Սադաթը, գալով իշխանության, անմիջապես կտրեց բոլոր ռազմական կապերը Մոսկվայի հետ», - պարզաբանել է հոդվածագիրը:

Ծրագիրը, որն իրականացվելու է 2007 թվականի խորհրդարանական ընտրությունների ընթացքում, նպատակ ունի «իշխանությունից հեռացնել Ռոբերտ Քոչարյանին եւ նրա մերձավորներին եւ հայաստանյան քաղաքական Օլիմպոս բարձրացնել մի քաղաքական գործչի, որը ակնհայտորեն բարյացակամ կլինի Սպիտակ տան նկատմամբ»:

Ըստ «Կրասնայա զվեզդա»֊-ի՝ իշխանափոխությունը ենթադրում է նաեւ Հայաստանից ռուսաստանյան զորքերի դուրսբերում եւ նրանց փոխարինում ՆԱՏՕ֊-ի խաղաղապահներով:

Փորձագետ Մարգարովի վկայությամբ՝ American Heritage-֊ը հատուկ շեշտում է, որ ծրագիրն անպայման պետք է իրականացվի հենց 2007 թվականին: Դա պայմանավորված է ԱՄՆ-֊ում նախագահական ընտրությունների ժամանակացույցով: Ըստ դրա՝ հայ֊-ադրբեջանական հակամարտությունը պետք է կարգավորվի ոչ ուշ քան 2008 թվականի հունվար-֊փետրվարին:

«Իսկ 2008 թվականի ամռան վերջին, երբ ընտրարշավը ԱՄՆ-֊ում կհասնի իր գագաթնակետին, ամերիկյան լրատվամիջոցները ցույց կտան, թե ինչպես է սկսվում ռուսաստանյան զորքերի դուրսբերումը Հայաստանից: Արդյունքում՝ Վրաստանից ռուսաստանյան զորքերի դուրսբերման ավարտի համապատկերի վրա, նախագահության թեկնածուներից մեկը, որը ժամանակին պահանջում էր հեռացնել Ռուսաստանին «Մեծ ութնյակից» եւ այժմ հիմնական հավակնորդներից մեկն է, կկարողանա հայտարարել, որ հենց ինքը հասավ Կովկասում Ռուսաստանի ռազմական ներկայությանը վերջ դնելուն»,֊ - գրում է մոսկովյան թերթը:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնաթերթը չի մանրամասնում, թե ով է եւ որտեղ է աշխատում փորձագետ Հայկ Մարգարովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG