Մատչելիության հղումներ

Ամերիկացի կոնգրեսականները շնորհավորում են Լեռնային Ղարաբաղին Սահմանադրության ընդունման կապակցությամբ


ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոունը եւ Ջո Նոլենբերգը, ինչպես նաեւ կոնգրեսականներ Ադամ Շիֆը եւ Ջորջ Ռադանովիչը շնորհավորել են Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներին՝ կիրակի օրն անցկացված հանրաքվեում ձայների ճնշող մեծամասնությամբ Սահմանադրության ընդունման կապակցությամբ:

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի վկայությամբ, Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանին երկուշաբթի օրը հղած նամակում Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահները ողջունել են առաջին Սահմանադրության ընդունումը՝ որպես «Լեռնային Ղարաբաղի քաղաքական եւ ժողովրդավարական առաջընթացի կարեւորագույն հանգրվան»:

«Արցախի Սահմանադրությունը մարմնավորում է ձեր ժողովրդի արժեքները՝ ապրել ազատ եւ արդար հասարակությունում», - գրել են Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահները:

«Մենք կշարունակենք մնալ ձեր կողքին, քանի դեռ Լեռնային Ղարաբաղը՝ Արցախը, շարունակում է հետամուտ լինել իր ազատությանը, անվտանգությանը եւ զարգացմանը», - ամփոփել են իրենց նամակը Փալոունը եւ Նոլենբերգը:

Ադամ Շիֆը, իր հերթին, հայտարարել է. - «Շնորհավորում եմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդին՝ ազատությանը, խաղաղությանը, տնտեսական զարգացմանը եւ տարածաշրջանային կայունությանը իր նվիրվածությունը ժողովրդավարական ճանապարհով նոր Սահմանադրության ընդունմամբ վերահաստատելու կապակցությամբ»:

«Շուկայական տնտեսության հաստատմամբ, ազատ եւ արդար ընտրությունների անցկացմամբ եւ մարդու իրավունքների խթանմամբ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ցույց է տվել, որ արժանի է անկախ, ադրբեջանական ռեժիմի ճնշումներից ազատ պետության», - ասել է նա:

Ջորջ Ռադանովիչի խոսքերով, Լեռնային Ղարաբաղի առաջին ժողովրդավարական Սահմանադրության ընդունումը «ուղենիշային ձեռքբերում է»:

«Սահմանադրության ընդունումը ցույց է տալիս ազատ հասարակությունում ապրելու՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքը», - ասել է ամերիկացի կոնգրեսականը:

Կիրակի օրը անցկացված հանրաքվեի մասնակիցների 98 տոկոսից ավելին արտահայտվել են հիմնական օրենքի նախագծի օգտին, որով Լեռնային Ղարաբաղը սահմանվում է որպես ինքնիշխան, ժողովրդավարական պետություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG