Մատչելիության հղումներ

Վիկտոր Սողոմոնյան. «Լավագույնը, որ կարող էին անել ԵԱՀԿ-ի եւ Եվրախորհրդի «մեկնաբանները», լռելն էր»


«Դա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի համար պատմական իրադարձության՝ Սահմանադրության հարցով համաժողովրդական հանրաքվեի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի բացահայտ դրսեւորում է», - «Ռեգնում» լրատվական գործակալությանը հայտարարել է Հայաստանի նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը՝ մեկնաբանելով ԵԱՀԿ-ի գործող նախագահ Կարել դե Գուխտի հայտարարությունը, որում Ղարաբաղում սահմանադրական հանրաքվեի անցկացումը որակվել է «անարդյունավետ»:

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները նույնպես հանդես են եկել հայտարարությամբ, համաձայն որի, «նման հանրաքվեի անցկացումը ոչ մի կերպ չի կարող օգնել հակամարտության լուծմանը»:

«Նման վերաբերմունքը կարող է միայն սասանել վստահությունը ԵԱՀԿ-ի եւ միջնորդների խմբի նկատմամբ», - հայտարարել է Վիկտոր Սողոմոնյանը: - «Վստահ եմ՝ լավագույնը, որ այդ պարոնայք, ինչպես եւ, ի դեպ, «մեկնաբանները» Եվրոպայի խորհրդից, կարող էին անել, լռելն էր»:

«Ստիպված եմ հայտարարել, որ նման մեկնաբանությունները ամենեւին չեն նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանը», - ասել է Հայաստանի նախագահի մամլո քարտուղարը:

Միաժամանակ, նա ընդգծել է, որ «այսպես թե այնպես, ԼՂՀ-ի քաղաքացիները արել են իրենց ընտրությունը ազատության եւ անկախության օգտին՝ ինչպես անցած հանրաքվեի ժամանակ, այնպես էլ 15 տարի առաջ»:

«Ընտրություն, որը որեւէ եվրոպացի չինովնիկի կողմից վավերացման կարիք չունի», - հայտարարել է Հայաստանի նախագահի մամլո քարտուղարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG