Մատչելիության հղումներ

Հայաստանը շրջանցող երկաթուղու ֆինանսավորումն արգելող օրինագիծը ներկայացվել է Բուշի հաստատմանը


Ամերիկյան Կոնգրեսի երկու պալատների կողմից ընդունվելուց հետո օրինագիծը, որում ընդգրկված է Հայաստանը շրջանցող երկաթուղու շինարարության ամերիկյան պետական ֆինանսավորումն արգելող դրույթ, ներկայացվել է երկրի նախագահ Ջորջ Բուշի հաստատմանը:

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի հաղորդագրության համաձայն, դեկտեմբերի սկզբին նախ Ներկայացուցիչների պալատը, ապա Սենատը միաձայն հավանություն են տվել «Արտահանման եւ ներմուծման բանկի վերալիազորման մասին» օրինագծին, որում ընդգրկված է դրույթ Հայաստանը շրջանցող երկաթուղու շինարարության՝ հիշյալ բանկի կողմից ֆինանսավորումն արգելելու մասին:

Արտահանման եւ ներմուծման բանկը ամերիկյան դաշնային կառավարական գործակալություն է, որը ֆինանսապես օժանդակել է, մասնավորապես, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի շինարարությանը:

Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը ամերիկահայության անունից հույս է հայտնել, որ նախագահ Բուշն իր ստորագրությամբ օրենքի ուժ կհաղորդի «Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ապօրինի շրջափակումը օրինականացնելու՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի ջանքերի դեմ Միացյալ Նահանգների սկզբունքային կեցվածքին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG