Մատչելիության հղումներ

Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի նկատմամբ երկամսյա կալանք սահմանվեց


Ավելի քան 7 ժամ տեւած դռնփակ նիստում երեքշաբթի ուշ երեկոյան Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Գայանե Կարախանյանի նախագահությամբ, բավարարեց Ազգային անվտանգության ծառայության ներկայացրած միջնորդությունը «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանին երկու ամսով կալանելու մասին:

«Ազատագրված տարածքների պաշտպանություն» նախաձեռնության ներկայացուցիչները «ուղղակի ծիծաղելի» են համարում Ազգային անվտանգության ծառայության ներկայացրած պատճառաբանությունները եւ մեղադրանքները, թե Սեֆիլյանը պատրաստվում էր սահմանադրական կարգը բռնի ուժով տապալել: Նրանք պատրաստվում են առաջիկայում գտնել եւ հրապարակել այն հավաքի տեսագրությունը, որում, Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հավաստմամբ, Ժիրայր Սեֆիլյանը նման կոչեր է արել:

Սեֆիլյանի պաշտպանը միջնորդություն է ներկայացրել, որպեսզի զենքի ապօրինի կրումը բացառվի, քանի որ այդ զենքը մարտական չի եղել, եւ Սեֆիլյանը այն ստացել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանից:

Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները դատական դռնփակ նիստում պնդել են, թե զենքը պետք է հանձնվեր: Նրանք մտահոգություն են հայտնել նաեւ տան խուզարկության ժամանակ առգրավված փամփուշտների հետ կապված, սակայն Սեֆիլյանի ընկերները դա տարօրինակ են համարում, քանի որ նա նախկին ազատամարտիկ է:

Նախկին ազատամարտիկ, նույն հոդվածով ձերբակալված Վարդան Մալխասյանի նկատմամբ եւս դատարանը որոշել է երկու ամսով կալանք կիրառել:

Այդ դատավարությունը եւս կայացել է երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում: Թեեւ Մալխասյանի գործով որպես պաշտպան ներգրավվելու համար դատարան ժամանած փաստաբանը լրագրողների հետ միասին մինչեւ ուշ երեկո սպասում էր դատարանի դահլիճում, «Ազատություն» ռադիոկայանը դատարանի նախագահ Ժորա Վարդանյանից տեղեկացավ, որ Մալխասյանի նկատմամբ դատավարությունն արդեն ավարտվել է:

Լիբանանի քաղաքացի Ժիրայր Սեֆիլյանը եւ Հայաստանի քաղաքացի Վարդան Մալխասյանը ձերբակալվել են դեկտեմբերի 10-ին, նրանց դեմ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 301 հոդվածի («ՀՀ Սահմանադրական կարգը բռնության փոփոխելուն ուղղված հրապարակային կոչեր») հատկանիշներով:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG