Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի օգնության տրամադրումը պայմանավորված է ազատ եւ արդար ընտրությունների անցկացմամբ


Ինչպես երեքշաբթի օրը հայտարարեցին Միացյալ Նահանգների պաշտոնյաները` «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրով Հայաստանին տրամադրվելիք 236 միլիոն դոլարի օգնության տրամադրումը կախված է առաջիկա խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների ընթացքից:

«Հայաստանի կառավարությունը պետք է ապահովի գործունեության բարձր ցուցանիշներ արդարացի կառավարման, մարդկային կապիտալում ներդրումներ կատարելու ու տնտեսական ազատությունները խթանելու ոլորտում, որպեսզի Հայաստանը ստանա «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի շրջանակներում հատկացվելիք ֆինանսական միջոցները», - «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ – Հայաստան» ծրագրին ԱՄՆ-ի կառավարության կողմից օգնության առաջին չափաբաժնի փոխանցման կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսում այսօր ասաց Հայաստանում Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատար Էնթոնի Գոդֆրին:

«Միայն ժողովրդավարական բարեփոխումները շարունակելու, այդ թվում` 2007 եւ 2008 թվականների ընտրություններում ազատ եւ արդարացի գործընթացներն ապահովելու միջոցով Հայաստանը կկարողանա երաշխավորել շուրջ 236 միլիոն դոլար արժողությամբ այս ծրագրի շարունակումը՝ ի շահ երկրի բնակչության», - հայտարարեց Գոդֆրին:

«Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիան ԱՄՆ-ի կառավարության անունից արդեն փոխանցել է 882 հազար ԱՄՆ դոլար: Այս ամիս ավելի ուշ կփոխանցվի եւս 507 հազար դոլար: «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ կնքված համաձայնագրով նախատեսված ֆինանսական միջոցները, որոնք 5 տարվա ընթացքում կկազմեն 236 մլն ԱՄՆ դոլար, միանվագ վճարմամբ չեն տրամադրվելու Հայաստանին: Վճարային հատկացումները հաստատվում են եռամսյակային կտրվածքով ու ամսական կտրվածքով փոխանցվում «Հազարամյակի մարտահրավեր – Հայաստան»-ի բանկային հաշվին` «Կասկադ» բանկում` ծրագրի շրջանակում Հայաստանի ունեցած առաջընթացի հիման վրա:

Այս տարվա նոյեմբերին Հայաստանը ընդգրկվեց «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի շրջանակներում 2007 թվականին աջակցություն ստացող երկրների թվում, սակայն որոշակի վերապահումներ կան անկում գրանցած ցուցանիշների մասով:

Որոշումը կայացնելուց առաջ «Ֆրիդոմ հաուս» հեղինակավոր միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ արեց «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիային դադարեցնել օգնությունը Հայաստանին՝ քաղաքական իրավունքների եւ քաղաքացիական ազատությունների պաշտպանությունը չապահովելու պատճառով:

Հարցին, թե արդյո՞ք այս վերապահումների ենթադրում են նախատեսված գումարների կրճատում, Էնթոնի Գոդֆրին պատասխանեց. - «Ցուցանիշների մասով մտահոգություններ կային: Սակայն «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի խորհուրդը որոշեց, որ Հայաստանը վերապահումներով կարող է մասնակցել այս ծրագրին: Ծրագիրը մնում է անփոփոխ, մենք որեւէ գումարային փոփոխություն չենք մտցնելու»:

«Ինչ վերաբերում է ընտրություններին, դրանք մեր ուշադրության կենտրոնում են», - շարունակեց Էնթոնի Գոդֆրին: - «Սովորաբար տնօրենների խորհուրդը տարին մեկ վերանայում է ցուցանիշների համապատասխանությունը, սակայն որեւէ ցուցանիշի կտրուկ անկման դեպքում կարող է ավելի հրատապ որոշումներ ընդունել: Հուսով ենք, որ նման բան տեղի չի ունենա»:

Իսկ եթե, այնուամենայնիվ, մայիսին կայանալիք ընտրությունները կրկին կեղծվեն կամ ճանաչվեն միջազգային չափանիշներին չհամապատասխանող, հնարավո՞ր է արդյոք, որ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիան որոշի ընդհանրապես կասեցնել ծրագիրը. այս հարցին Գոդֆրին պատասխանեց. - «Սա խորհրդի որոշելիք հարցն է, սակայն ծրագրի կառուցվածքը թույլ է տալիս ցուցանիշների հիման վրա որոշումներ կայացնել տարվա կեսին»:

Նույն հարցին «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի Հայաստանի ծրագրի տնօրեն Ալեքս Ռասինը արձագանքեց. - «Մենք մտահոգված ենք առաջիկա ընտրություններով, եւ ես հույս ունեմ, որ դրանք հնարավորություն կտան կառավարությանը եւ հայ ժողովրդին նախորդ ընտրությունների համեմատ զգալի առաջընթաց արձանագրել»:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG