Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյան. «Առաջիկա տասնամյակը Հայաստանի համար լինելու է տեւական առաջընթացի տասնամյակ»


Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի համոզմամբ, առաջիկա տասնամյակը Հայաստանի համար լինելու է տեւական առաջընթացի տասնամյակ: Այդ մասին նա հայտարարել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) 100-ամյակի կապակցությամբ Վերսալի դղյակում կազմակերպված հոբելյանական երեկոյի ժամանակ իր ելույթում:

«Մենք այլ ընտրություն չունենք: Այդպիսով միայն մենք կարող ենք պահպանել Սփյուռքի նոր սերնդի հայկական ինքնությունը՝ նրան առաջարկելով ժողովրդավարական եւ բարգավաճ Հայաստան, որի հետ նրանք կարող են նույնացվել եւ հպարտանալ նրանով», - ասել է արտգործնախարարը:

Վարդան Oսկանյանը ներկայացրել է Սփյուռքի եւ Մայր Հայրենիքի, հայ ժողովրդի առջեւ ծառացած նոր առաջնայնությունները եւ իր տեսակետները Հայաստան-Սփյուռք համագործակցության վերաբերյալ՝ հայկական անկախ պետության գոյության պայմաններում:

«Սփյուռքը մեր ժողովրդի կենսական տարածքն ընդարձակելու միջոց է, մեր մշակութային հարստությունը բազմապատկելու եւ իմացությունը միմյանց փոխանցելու օղակ, ամուր հենարան տնտեսական եւ քաղաքական ներդրումների համար, որոնցով նա կարող է մասնակցել մեր երկրի եւ ժողովրդի զարթոնքին»,- ասել է նախարարը: - «Եվ Հայաստանի անկախությունից ի վեր, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը մեր համազգային այն կառույցներից մեկը եղավ, որ վերարժեւորեց իրադրությունը եւ ակտիվորեն ներգրավվեց Հայաստանի վերաշինության մեջ»:

ՀԲԸՄ-ի հոբելյանի առթիվ Փարիզում կազմակերպված միջոցառումներին Հայաստանի արտգործնախարարը մասնակցել է դեկտեմբերի 9-11-ը:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, Ֆրանսիայի մայրաքաղաք էին ժամանել ՀԲԸՄ-իiկենտրոնական վարչության եւ շրջանային կառույցների ղեկավարներն ու ներկայացուցիչները ԱՄՆ-ից եւ աշխարհի տասնյակ այլ երկրներից:

Միջոցառումների շրջանակներում Վարդան Օսկանյանը ՀԲԸՄ-ի ղեկավարության, ինչպես նաեւ Սփյուռքի այլ կառույցների ներկայացուցիչների հետ առանձին հանդիպումների ժամանակ քննարկել է Հայաստանի զարգացման, մասնավորապես, գյուղական շրջանների վերականգնման ծրագրերի հետ կապված հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG