Մատչելիության հղումներ

logo-print

Սեֆիլյանի կինը բացառում է իր ամուսնուն արտաքսելու հնարավորությունը


«Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության համակարգող, Շուշիի հատուկ գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը, ում Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել էր անցած շաբաթավերջին եւ ում արտաքսման մասին լուրեր էին շրջանառվում, դեռ Հայաստանում է:

Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ազգային անվտանգության ծառայության լրատվական կենտրոնի ղեկավար Արծվի Բաղրամյանը` հավելելով, որ Սեֆիլյանի նկատմամբ «քննությունը ընթացքի մեջ է»:

Սեֆիլյանի արտաքսման հնարավորությունը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում բացառեց նրա կինը` Հայաստանում Լիբանանի դեսպանի օգնական Նանոր Բարսեղյանը:

«Նախ` որովհետեւ իր [Սեֆիլյանի] անձնագրի ժամկետը վերջացած է. ոչ մի միջնորդական երկիր չի փոխադրի իրեն, որովհետեւ ուղիղ թռիչք չկա դեպի Լիբանան», - փաստարկեց նա:

Սեֆիլյանին եւ Վարդան Մալխասյանին առաջադրվել է մեղադրանք Հայաստանի Քրեական օրենսգրքի 301 հոդվածի` «սահմանադրական կարգը բռնությամբ փոխելու կոչեր անելու», հատկանիշներով: Այս հոդվածը զանգվածաբար կիրառվել է 2004 թվականին` նախորդ խորհրդարանական ընտրություններից հետո ընդդիմության հանրահավաքների ժամանակ:

Ընդդիմադիր քաղաքական ուժերը պատահական չեն համարում նոր խորհրդարանական ընտրություններից առաջ այս հոդվածի «վերակենդանացումը»: Երեկ ուշ երեկոյան մոտ մեկուկես տասնյակ ընդդիմադիր քաղաքական ուժեր ընդունել են հայտարարություն` դատապարտելով «20-րդ դարի 37 թվականը հիշեցնող նողկալի գործելաոճի ցանկացած դրսեւորում»:

«Մենք պահանջում են անհապաղ ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, Վարդան Մալխասյանին եւ նրանց զինակիցներին: Պահանջում ենք նաեւ ՀՀ քաղաքացիություն շնորհել Ժիրայր Սեֆիլյանին` բացառելով նրա արտաքսումը Հայաստանից», - ասված է հայտարարությունում, որի հեղինակները մտադիր են այսօր այն ուղարկել Ազգային անվտանգություն ծառայություն, գլխավոր դատախազություն եւ նախագահի նստավայր:

Սեֆիլյանի ատաքսման դեմ Ազգային ժողովում ստորագրահավաք է սկսել պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG