Մատչելիության հղումներ

Սենատը նախագահ Բուշին է վերադարձրել Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը


Ամերիկյան Սենատը անցած շաբաթավերջին` 109-րդ Կոնգրեսի լիազորությունների ավարտին, նախագահ Ջորջ Բուշին է վերադարձրել Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում:

Ըստ Սենատի կանոնակարգի, նստաշրջանի ընթացքում չհաստատված եւ չմերժված նշանակումներին Սենատը այլեւս չի կարող անդրադառնալ, մինչեւ հաջորդ նստաշրջաններից մեկի ժամանակ դրանք կրկին չներկայացվեն երկրի նախագահի կողմից:

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի հաղորդագրության համաձայն, հունվարին, երբ սկսվում են 110-րդ Կոնգրեսի լիազորությունները, նախագահ Բուշը կարող է կամ ներկայացնել նոր թեկնածություն, կամ վերստին առաջադրել Հոգլանդի թեկնածությունը, կամ էլ, օգտվելով խորհրդարանի աշխատանքներում հայտարարված ընդմիջումից, նշանակել Հոգլանդին՝ շրջանցելով Սենատի հաստատումը: Այլ դեպքում Երեւանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը թափուր կմնա:

Սեպտեմբերի 12-ին Նյու Ջերսին ներկայացնող դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը սառեցրել էր Սենատի կողմից Ռիչարդ Հոգլանդի հաստատումը՝ հայտարարելով, որ Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Էվանսը այդ պաշտոնից ազատվել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ ճշմարտությունն ասելու համար, եւ մտահոգություն արտահայտելով, թե Հոգլանդի հաստատումը «հետքայլ կլիներ»:

Դեկտեմբերի 1-ին Մենենդեսը եւ նորընտիր Սենատի դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Հարրի Ռեյդը կոչ էին արել նախագահ Բուշին հետ կանչել Հոգլանդի թեկնածությունը եւ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի «կարեւորագույն դիվանագիտական պաշտոնում առաջարկել նոր թեկնածուի»:

Սենատորներն իրենց պահանջը հիմնավորում էին նրանով, որ ամերիկահայ համայնքը, ինչպես նաեւ Կոնգրեսի անդամների զգալի մասը ընդդիմանում են Հոգլանդի նշանակմանը, եւ «դեսպան նշանակված Հոգլանդի կողմից իր պարտականությունների կատարումը նման վիճահարույց եւ խորապես տագնապեցնող հանգամանքներում չի բխում ոչ մեր ազգային շահերից, ոչ էլ ամերիկա-հայկական հարաբերությունների շահերից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG