Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Պինոչետ կապուտ» վերնագրի ներքո «Առավոտ»-ը իր խմբագրականում գրում է. - «Վերջին տարիներին զանազան առիթներով Պինոչետի ֆենոմենին անդրադառնալը բավական հրապուրիչ է եղել նաեւ Հայաստանում: Չիլիացի բռնապետին վերաբերող հայաստանյան դատողությունները նույնպես, օրինաչափորեն, գտնվել եւ գտնվում են երկու տարամետ բեւեռներում: Համեմատաբար ինտելեկտուալ զանգվածն այստեղ եւս հակված է Պինոչետին գնահատել իբրեւ անգութ բռնապետ եւ ժողովրդավարության թշնամի: Շատ ուրիշներ, առավելապես «պլեբս» բառով բնութագրվող շրջանակներից, հակառակ կարծիքի են եւ սիրում են կրկնել, թե Պինոչետը տղամարդավարի կարգ ու կանոն հաստատեց Չիլիում եւ երկիրը փրկեց քաոսից»:

«Ինչի՞ մասին է վկայում սահմանադրության հանրաքվեն» հարցին ի պատասխան «Հայոց Աշխարհ» թերթի խմբագրականն այսօր ընդգծել է. - «Սահմանադրական հանրաքվեն փաստում է, որ Լեռնային Ղարաբաղը ի վիճակի է կազմակերպել ու բարձր մակարդակով անցկացնել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի միջնորդների կողմից բանակցությունների սեղանին դրված շրջանակային համաձայնագրի առանցքային դրույթներից մեկի՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցով հանրաքվեն։ Ադրբեջանը, այլեւս չունենալով որեւէ կոնկրետ փաստարկ, որով կարող է հակազդել նման հեռանկարին, անօգուտ փորձում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ կամարտահայտման փաստին հակազդել Հայաստանի կամ Ռուսաստանի քողարկված նպատակների մասին մտացածին ենթադրություններով, կամ էլ` մեջտեղ բերել հանրաքվեում Ղարաբաղի ադրբեջանական բնակչության բացակայության մասին «փաստարկը»»։

«Մեծ աղմուկ ոչնչից» վերնագրի տակ Լեռնային Ղարաբաղի հանրաքվեին անդրադառնալով` «Հայք» պարբերականն իր հերթին գնահատել է.- «Դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում անցկացված սահմանադրական հանրաքվեն ընթացել է խորհրդային ժամանակների ոգով, եւ ողջ ժողովուրդը միահամուռ գնացել է իր «այո»-ն ասելու սահմանադրությանը»։ «Խնդիրը շատ ավելի մակերեսային է, քան կարելի է պատկերացնել։ Սահմանադրության հանրաքվեի անցկացումն անհրաժեշտ էր Հայաստանի իշխանություններին, որն այն իրականացրեց իր արտաքին քաղաքական անհաջողությունները կոծկելու նպատակով։ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները հանրաքվեի անցկացմամբ այլ խնդիր էին լուծում, փորձում էին միջազգային հանրությանը ցույց տալ, թե իրենք անկախ են իրենց գործողություններում եւ անհրաժեշտ է հաշվի առնել նաեւ իրենց շահերը», - բացահայտել է մեկնաբանը։

«Ազատագրված տարածքների պաշտպանություն» նախաձեռնության ղեկավար Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալության հանգամանքին անդրադառնալով` «Ժամանակ - Երեւան» թերթի խմբագրականն այսօր զուգահեռել է. - «Ղարաբաղյան պատերազմի մասնակիցների մի խմբին իշխանությունը քաջալերում է... իսկ մյուս խմբին հետապնդում է ու ձերբակալում»։ «Այդ բեւեռացված մոտեցման պատճառն ընդամենը իշխանության հանդեպ ազատամարտիկների վերաբերմունքն է, որը, իհարկե, ոչ մի խմբում դրական չէ», - գնահատել է խմբագիրն ու բացատրել. - «Պարզապես ոմանք նախընտրում են արտահայտել իրենց վերաբերմունքը, խոսել անհամաձայնության մասին, իսկ մյուսները որոշել են լռել, հարմարվել, օգտվել իշխանության պտուղներից եւ բավարարվել ժամանակ առ ժամանակ ազգափրկիչ ճառեր ասելով եւ երկրապահի սուրբ կոչման մասին հիշատակելով»։ «Եվ ամենեւին պատահական չէ, որ Ժիրայր Սեֆիլյանին՝ ազատամարտիկների չլսող մասի ներկայացուցիչներից մեկին, ձերբակալում են հենց այն օրը, երբ քաղաքականությունից հեռու մնալու խորհուրդ են տալիս երկրապահներին», - բխեցրել է խմբագրականը։

Իր հերթին` «168 ժամ» պարբերականը փոխանցել է Երկրապահ կամավորականների միության նախագահ, պաշտպանության փոխնախարար Մանվել Գրիգորյանի տեսակետը. - «Ազնվությամբ եմ ասում, որ մենք ընտրություններին չենք մասնակցելու։ Առանց այդ էլ սաղ երկիրը զբաղված է քաղաքականությամբ: Երկրապահի որոշ մասը, տարբեր տեղեր քաղաքականությամբ են զբաղվում», - ասել է ԵԿՄ նախագահն ու ընդգծել. - «Մեր կառույցները, ոչ ոք, ոչ մի տեղ ոչ մեկի առաջ պարտականություն չունեն, բացի երկրապահից»։

«Հայկական ժամանակ»-ի խմբագրականը, Սեֆիլյանի ձերբակալման հանգամանքները վերլուծելով, ի վերջո, համադրել է. - «Ամեն դեպքում, գոնե այս պահին եղած տեղեկատվությունը հիմք է տալիս ասելու, որ այս գործն էլ կհամալրի սովորական քաղաքական հետապնդումների շարքը, որի բուն նպատակը «մասկի շոուն» է։ Անկախ գործի հանգամանքներից, մի տեսակ հասկանալի չէ, թե ինչու էր հարկավոր Սեֆիլյանին ձերբակալել ռեստորանում, կանանց ներկայությամբ, եւ ինչու չէր կարելի անել դա օրը ցերեկով, շատ ավելի հանգիստ պայմաններում», - գրել է գլխավոր խմբագիրն ու հեգնախառն ավելացրել. - «Ակնհայտ է, որ երեկոյան ԱԱԾ-ն այս գործով ավելի շատ ապացույց չի ունեցել, քան առավոտյան»։

«Առաջիկա «նախկին հանցավորը»» վերնագրի տակ «Չորրորդ իշխանություն» թերթն այսօր գրել է, թե «Ռոբերտ Քոչարյան - Սերժ Սարգսյան» տանդեմը վերջնականապես որոշել է Հայաստանի վերջին վեց տարիների բոլոր ձախողումների պատասխանատու «նշանակել» Անդրանիկ Մարգարյանին»։ «Եվ դա հասկանալի է. այս երեքի մեջ «օտարը» Անդրանիկ Մարգարյանն է», - ընդգծել է թերթն ու հավելել. - «Ուշագրավն այն է, որ այս «թեզն» առաջ տանողների մեջ քիչ չեն հենց Սերժ Սարգսյանի հետ հանրապետական դարձածները։ Այսինքն իշխանական եռյակում Քոչարյանն ու Սերժն իրար հետ են եղել ու «թույլ օղակ» է ճանաչվել Մարգարյանը»,- բխեցրել է թերթը։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG