Մատչելիության հղումներ

logo-print

Ընդդիմադիրները դատապարտում են Սեֆիլյանի ձերբակալությունը


Մոտ մեկ տասնյակ ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ երկուշաբթի օրը խստորեն դատապարտեցին շաբաթավերջին «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության ղեկավարներից Ժիրայր Սեֆիլյանի եւ «Հայրենիք ու պատիվ» կուսակցության անդամ Վարդան Մալխասյանի ձերբակալությունը:

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ կատարված ձերբակալությունների մասին իրենք տեղեկացրել էին բոլոր կուսակցություններին, բայց որեւէ իշխանամետ ուժի ներկայացուցիչ չարձագանքեց հրավերին:

Չէր արձագանքել նաեւ «Ազգային միաբանություն»-ը:

Ըստ Արամ Կարապետյանի` ձերբակալությունների դրդապատճառները երկուսն էին. - «Մեկը ապագա ընտրություններն են, որտեղ իշխանությունը ցանկանում է ամեն գնով վերարտադրվել: Երկրորդը Լեռնային Ղարաբաղի հետ կապված գործընթացներն են` կարող են լինել այնպիսի պրոցեսներ, որոնք ձեռնտու չեն իշխանությանը»:

«Հասել է պահը, երբ մենք սթափվել ենք եւ զգում ենք, որ բաժակը լցված է եւ թափվում է», - ասաց «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը:

Իսկ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանի կարծիքով, կատարվածը իշխանությունների «հերթական սխալն է». - «Ոչ թե վախի հասարակություն են ստեղծում, այլ ատելության հասարակություն իրենց նկատմամբ»:

Ժիրայր Սեֆիլյանը, հիշեցնենք, առաջին աստիճանի Մարտական խաչի շքանշանակիր է, ունի փոխգնդապետի կոչում:

«ՀՀ իշխանական բուրգը ամենաթողության եւ իրավական կամայականության հերթական անակնկալը մատուցեց հանրությանը: Հիմնազուրկ, մտացածին պատճառաբանությամբ ձերբակալվել են «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության համակարգող, արցախյան ազատամարտի նվիրյալ Ժիրայր Սեֆիլյանն ու նրա մի քանի զինակիցներ: Դա թերեւս գործող վարչակարգի պատկերացրած ժողովրդավարության ցայտուն վկայություններից մեկն է», - ասված է Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած «Ժառանգություն» կուսակցության հայտարարությունում: - «Կուսակցությունը խորապես մտահոգված է եւ վճռականորեն դատապարտում է օրենքի անունից կատարվող ապօրինությունը, ինչը մոտեցող խորհրդարանական ընտրությունների առնչությամբ իր շրջանակներն ընդլայնելու միտումներ է դրսեւորում` վերահաստատելով խուճապի մեջ հայտնված իշխանակարգի հոգեվարքը»:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG