Մատչելիության հղումներ

Արկադի Ղուկասյան. «Մենք ստեղծել ենք ռեֆերենդումի կուլտուրան»


Լեռնային Ղարաբաղի առաջնորդ Արկադի Ղուկասյանի համոզմամբ, կիրակի օրը հանրաքվեի դրված սահմանադրության նախագծի ընդունումը վկայեց, որ չկա մի ճակատագրական հարց Լեռնային Ղարաբաղի կյանքում, որը հնարավոր լինի լուծել առանց ժողովրդի կարծիքի. - «Մենք ստեղծել ենք ռեֆերենդումի կուլտուրան»:

«Մենք չենք շտապել Սահմանադրության ընդունման պրոցեսում` վստահ լինելով, որ մեզ անհրաժեշտ է լավագույն սահմանադրությունը հետխորհրդային տարածքում: Ես վստահ եմ, որ դա մեզ հաջողվել է», - ասաց Արկադի Ղուկասյանը: - «Ես վստահ եմ, որ մենք ընդունել ենք այնպիսի սահմանադրություն, որը կամրապնդի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետականությունը եւ կխորացնի ժողովրդավարացման պրոցեսները: Սա շատ կարեւոր է մեզ համար, եւ ես հույս ունեմ, որ միջազգային հանրությունը այդպես էլ դա կընդունի եւ կընկալի»:

«Վստահ եմ, որ Սահմանադրության ընդունումը կնպաստի նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորմանը, որովհետեւ մենք ավելի հեշտ կլուծեինք մեր խնդիրները Ադրբեջանի հետ, եթե Ադրբեջանը լիներ ժողովրդավարական պետություն եւ ունենար Լեռնային Ղարաբաղի հանրապետության նման Սահմանադրություն», - շարունակեց նա: - «Ընդունելով այս Սահմանադրությունը` մենք նոր շանսեր ենք ստանում երկիրը ժողովրդավարացնելու համար: Առանց ժողովրդավարացման Լեռնային Ղարաբաղը շանս չունի ստանալ միջազգային ճանաչում: Մենք աշխատելու ենք ժողովրդավարացման խնդիրների վրա, եւ, վստահ եմ, մենք հաջողությունների ենք հասնելու»:

Կիրակի օրը Լեռնային Ղարաբաղում անցկացված սահմանադրական հանրաքվեի արդյունքները չճանաչելու մասին հայտարարություններով արդեն հանդես են եկել Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերրի Դեւիսը, Եվրամիությունը, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG