Մատչելիության հղումներ

Մոսկովյան հիվանդանոցում հրդեհի պատճառով 45 մարդ է զոհվել


Անցած շաբաթավերջին Մոսկվայի հարավում գտնվող հիվանդանոցի նարկոլոգիական բաժանմունքում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 45 մարդ, որոնցից 43-ը՝ կին հիվանդներ, 2-ը՝ բաժանմունքի աշխատակցուհիներ: Եվս 12 տուժածներ հիվանդանոցային պայմաններում բուժում են ստանում:

Ինչպես այսօր ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությանը հայտնել են Մոսկվայի դատախազությունից, զոհվածների մարմինները արդեն ճանաչվել են:

Ըստ նույն աղբյուրի, քննչական-օպերատիվ խումբն ավարտել է տեղազննումը, ինչի արդյունքում ձեռք են բերվել նյութեր եւ նմուշներ՝ հետազոտության համար: Նշանակվել են անհրաժեշտ փորձաքննություններ:

Գործով որպես վկաներ արդեն հարցաքննվել են ավելի քան հարյուր մարդ՝ տուժածների հարազատներ, հիվանդանոցի բուժանձնակազմը, հիվանդներ:

Քննությունը շարունակում է դիտարկել տարբեր վարկածներ, այդ թվում՝ միտումնավոր հրդեհման վարկածը:

Զոհերի նման մեծ թիվը բացատրվում է նրանով, որ բաժանմունքի պատուհանները ճաղապատ են եղել, ինչպես նաեւ փակ է եղել ետնամուտքը. հրդեհը բռնկվել է հիմնական մուտքի մոտ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG